Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքում լսում են այս շենքի դեմ իրականացված գրոհի շուրջ վկայություններ


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի դեմ իրականացված գրոհից վեց շաբաթ անց, անվտանգության հարցերով ավագ պաշտոնատար անձինք երկրի օրենսդիրներին անկեղծորեն ասում են, որ իրենք պատրաստ չեն եղել իրադարձությունների նման զարգացմանը:

‘’Մենք պատշաճ կերպով պատրաստվել էինք զանգվածային ցույցերի դեմ միջոցառումների, եւ ակնկալում էինք նաեւ բռնություններ: Սակայն իրականում տեղի ունեցան ռազմական ոճի համակարգված գործողություններ եւ Կապիտոլիումի շենքի գրավում’’, ասել է ԱՄՆ-ի Կապիտոլիումի ոստիկանության նախկին ղեկավար Ստիվըն Սանդը:

Ասենք, որ Կապիտոլիումը պաշտպանելու համար գործում է ոստիկանության հատուկ բաժանմունք, որի տարեկան բյուջեն կազմում է 516 միլիոն դոլար:

Ներկայացուցիչների պալատում իրավապահ ծառայության նախկին ղեկավար Փոլ Ըրվինգի խոսքերով, ‘’Բոլորը գոհ էին, որ ունենք անվտանգության լուրջ ծրագիր, որը համաձայնեցված էր հետախուզության տվյալների հետ’’:

Սանդի խոսքերով, նախապատրաստական աշխատանքներն այլ ուղղությամբ կիրականացվեին, եթե գոնե հունվարի 5-ին Հետաքննությունների դաշնային բյուրոն նախազգուշացներ ցուցարարների կողմից հնարավոր նման գործողությունների մասին:

Դեմոկրատ սենատոր Գարի Փիթըրզն էլ զարմանք է հայտնում, թե ինչպես կարող էր հետախուզությունը տեղյակ չլինել նման մեծ գործողության վտանգի մասին:

Տարակուսանք է հարուցում նաեւ Ազգային գվարդիայի ջոկատներին ուշացումով այստեղ հրավիրելու հանգամանքը: Այս մասին է բարձրաձայնում մայրաքաղաք Վաշինգտոնի ոստիկանության պետի պաշտոնակատար Ռոբերտ Քոնթին:

Ասենք, որ մինչ այժմ արդեն 250 մարդ է ձերբակալվել այս գործողություններում իրենց մասնակցության պատճառով, եւ անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր ասում են, որ Կապիտոլիումի դեմ գրոհը նախապատրաստված է եղել նախապես:

Ռոբերտ Քոնթիի խոսքերով, ‘’Այս գործողություններին մասնակցած անձանց միջեւ եղել է ռադիո հաղորդակցություն եւ մի շարք անձինք կիրառել են արջերի հարձակումները կանխող աերոզոլային նյութեր:

Կոնգրեսում երեքշաբթի օրը սկսված լսումները ԱՄՆ-ի Կապիտոլիումի դեմ անցած երկու հարյուրամյակներում իրականացված ամենամեծ գրոհի հետաքննության սկիզբն ազդարարեց:

Այստեղ հաջորդ շաբաթ լսելու են պաշտպանության նախարարության պաշտոնյաների վկայությունները:

XS
SM
MD
LG