Վրաստանի ընդդիմությունը չորեքշաբթի օրը երկրի ազգային դրոշն էր ծածանում Ռուսթավի քաղաքի բանտի դիմաց, ուր այս պահին պահվում է Միացյալ Ազգային շարժման առաջնորդ Նիկա Մալիան:
Ոստիկանությունը վերջինիս ձերբակալել էր նախորդ օրը, կուսակցության գրասենյակի դեմ իրականացված գործողության արդյունքում:
Սկսված բախումների ընթացքում այդ օրն այստեղ տասնյոթ մարդ ստացել էր մարմնական վնասվածքներ, որոնց դեմ ոստիկանությունը կիրառել էր գազ:
Կուսակցության առաջնորդին իշխանությունները մեղադրում են 2019 թվականի հունիս ամսին փողոցային ցույցերի ժամանակ բռնություններ հրահրելու մեջ: Մեղադրանք, որը Մելիան համարում է քաղաքական հարձակում ընդդեմ իրեն:
Նրա ձերբակալման փաստի դեմ բողոքելու համար հարյուրավոր մարդիկ էին հավաքվել խորհրդարանի շենքի առջեւ, որոնց մի մասը պահանջում էր վաղաժամ ընտրություններ, կառավարության հրաժարականը եւ ‘’քաղաքական բանտարկյալների’’ ազատ արձակում:
ԱՄՆ-ի դեսպանությունը խորը մտահոգություն է արտահայտել Մելիայի ձերբակալման փաստի առնչությամբ: ‘’Վրաստանն այսօր հետադարձ քայլ կատարեց եվրատլանտյան երկրների ընտանիքում ավելի ուժեղ ժողովրդավարություն հաստատելու ուղու վրա’’, ասված է դեսպանության հայտարարության մեջ:
Կողմերին զսպվածության կոչով է դիմել Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարք Քլեյթոնը: Հաշտության եզրեր գտնելու կոչով է հանդես եկել Եվրամիության դեսպանը:
Վրաստանի դատարանն անցյալ շաբաթ էր հրահանգել կալանավորել Մելիային գրավը չմուծելու պատճառով: Սակայն ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր նաեւ, որ ձերբակալությունը կարող է հետաձգվել երկրի վարչապետի պաշտոնից Գիորգի Գախարիայի հրաժարականի պատճառով:
Գախարիան փետրվարի 18-ին էր թողել վարչապետի պաշտոնը, Մելիային ձերբակալելու դատարանի որոշման հարցում իր կուսակցության ներսում առկա տարաձայնությունների պատճառով:
Դրանից հետո երկրի խորհրդարանը քվեարկել էր նոր կառավարություն կազմելու առաջարկի օգտին: Վարչապետի պաշտոնում է նշանակվել Իրակի Ղարիբաշվիլին, որն այս պաշտոնում է եղել նաեւ 2013-15 թվականների ընթացքում:
Ինչպես Միացյալ Ազգային շարժում կուսակցության առաջնորդներն են ասում, իրենք ծրագրում են լայնածավալ բողոքի ակցիաներ փետրվարի 26-ին: