Մատչելի հղումներ

Իրանի պետական մամուլը հորդորում է Արեւմուտքի նկատմամբ ցուցաբերել զգուշավորություն


Արեւմուտքի հետ միջուկային հարցերում հակադրություններն Իրանին կարող են մղել դեպի մեկուսացում: Այս մասին է գրել Իրանի պետական լրատվամիջոցներից մեկը, որը հորդորում է Արեւմուտքի հետ հարաբերություններում լինել զգոն:

Այս ուղերձով թերթը հանդես եկավ այն բանից հետո, երբ Թեհրանն ավարտեց միջուկային իր գործունեությունը ՄԱԿ-ի կողմից արտակարգ ստուգումների ենթարկելու աշխատանքները:

Երկուշաբթի օրը կեսգիշերին ավարտվեց այն պայմանագիրը, որը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը թույլ էր տալիս անցկացնել կարճաժամկետ ստուգումներ: Սակայն չնայած պայմանագրի ավարտին, Իրանն, անհրաժեշտության դեպքում եկող երեք ամիսներին թույլ տալու է ՄԱԿ-ին անցկացնել որոշ ստուգումներ:

Իրանի կարծրդիրքային օրենսդիրները բողոքում են այս որոշման դեմ, հայտարարելով, որ այն ոտնահարում է ընդունված օրենքը: Ըստ խորհրդարանի կողմից ընդունված օրենքի, ստուգումներն ավարտվում են փետրվարի 23-ից, եթե Իրանի նկատմամբ պատժամիջոցները մինչ այդ չեն դադարեցվում: Խոսքն այս դեպքում ԱՄՆ-ի կողմից ուժի մեջ մտցված պատժամիջոցների մասին է:

Ի պատասխան խորհրդարանի կարծրդիրքայինների բողոքների, պետական օրաթերթը գրում է, որ Իրանը պետք է իրականացնի զգուշավոր քայլեր, քանի որ կոշտ գործողությունները կարող են դաշինք ստեղծել ընդդեմ Իրանի:

Երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին երկուշաբթի օրը հայտարարել էր, որ իր երկիրը, առանց միուջուկային զենք ստեղծելու նպատակներ ունենալու, կարող է սկսել մինչեւ 60% ուրանը հարստացնելու աշխատանքներ, եթե դրա կարիքը լինի:

Սակայն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակն ասել է, թե Խամենեիի այս հայտարարությունը ‘’հնչում է որպես սպառնալիք’’:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնը հայտարարել է Իրանի հետ բանակցություններ սկսելու հարցում պատրաստակամություն, նպատակ ունենալով, որ երկու կողմերը վերադառնան 2015 թվականին կնքված միջուկային միջազգային պայմանագրին, որից ԱՄՆ-ը դուրս էր բերել նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

XS
SM
MD
LG