Իրաքի քրդական շրջանում Իրանի աջակցությունը վայելող զինյալ խմբերն անցյալ շաբաթ իրականացրին հրթիռային հարձակումներ: Հանգամանք, որը կարող է դառնալ Իրանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու հարցում խոչընդոտ ԱՄՆ-ի նոր վարչակազմի համար:
Ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության հարցերով վեհաժողովի ժամանակ` Բայդենը խոստացավ Իրանի հարցով սերտ համագործակցություն իրականացնել Եվրոպայի իր դաշնակիցների հետ:
Սակայն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարում է, որ եթե ԱՄՆ-ը նորից միանա Իրանի հետ կնքված միջուկային միջազգային պայմանագրին, Իրանի առջեւ կբացվեն միջուկային իր կարողություններին զարկ տալու ուղիներ:
Հիշեցնենք, որ Իրանը ներկա պահին ուրանը հարստացնում է մինչեւ 20%, երբ այս երկրին տրված էր այն միայն մինչեւ 5% հարստացնելու արտոնություն: Սակայն պետք է հիշեցնել նաեւ, որ միջուկային զենք արտադրելու համար քսան տոկոսը բավարար չէ: Հարկավոր է ուրանի հարստանում 90%-ի չափով:
Թեհրանը համաձայն է, որ վերսկսվեն բանակցությունները: Սակայն դեմ է, որ կատարվի Օբամայի վարչակազմի օրոք կնքված պայմանագրում որեւէ փոփոխություն: Բացի այդ, Իրանի խորհրդարանը վերջերս ընդունել է օրենք, ըստ որի Թեհրանը պիտի ամրապնդի միջուկային իր դիրքերը, եթե մինչեւ փետրվարի 21-ը ԱՄՆ-ը չհրաժարվի Իրանի դեմ ուժի մեջ մտցրած պատժամիջոցներից:
Այնպես որ, ասում է Իրանի հարցերով վերլուծաբան Ալեքս Վաթանկան, երկու կողմերն ունեն գործարքը շարունակելու ցանկություն, սակայն երկուսն էլ փորձում են դրա արդյունքում չթուլացնել իրենց դիրքերը: ‘’Նրանցից ոչ մի կողմ չի ցանկանում առաջինը թարթել աչքը’’. Այսպես է վերլուծաբանը բացատրում իրավիճակը:
‘’Իրականում դժվարությունները շատ են: Դիվանագիտությանը վերադառնալը դյուրին խնդիրն չէ: Այստեղ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ’’: Այսպես է իրավիճակը բացատրում Բրուքինգզի հաստատությունից Մայքըլ ՕՀենլոնը:
Խնդիրներից մեկն էլ կապված է տարածաշրջանում, այդ թվում Եմենում Իրանի միջամտության հետ, որտեղ այն պրոքսի պատերազմ է մղում ընդդեմ Սաուդյան Արաբիայի: Իսկ ահա Բայդենի վարչակազմը հայտարարել է Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող ռազմական գործողություններին իր աջակցությունը դադարեցնելու մասին, այն համարելով դիվանագիտության վրա ամերիկյան շեշտադրությունը վերականգնելու քայլ: