Մատչելի հղումներ

Մեքսիկայի սահմանի մոտ սկսելու է 25 հազար անձանց ներգաղթի դիմումների վերանայումը


Ուրբաթ օրվանից ԱՄՆ-ը Մեքսիկայի սահմանի մոտ սկսելու է 25 հազար անձանց ներգաղթի դիմումների վերանայումը, որոնց Թրամփի օրոք մերժել էին հենց այս սահմանի վրա:

‘’Հրաշքն իրականություն է դառնում ու մենք երջանիկ ենք’’, ասում են այս մարդիկ:

Քաղաքացիության մասին ակտը նաեւ մեծացնելու է գրին քարթերի խաղարկության մասնակցողների թիվը: ‘’Օտարազգի’’ բառը փոխարինվելու է ‘’ոչ քաղաքացի’’ եզրույթով: Տասնմեկ միլիոն անօրինական փախստականների էլ տրվելու է քաղաքացիություն ստանալու իրավունք:

Ինչպես ‘’Ժառանգություն’’ հիմնադրամից Լորա Ռիսն է ասում, ‘’Այն շատ արմատական օրենքի բանաձեւ է, որը կարող է դռները լայնորեն բացել անօրինական փախստականների առջեւ: Այսինքն օրենք է, որը կառավարությանը դարձնում է անօրինական փախստականության մասնակից: Բացի այդ, այն կարող է կրճատել անօրինական փախստականներին այստեղից վտարելու ջանքերը’’, ասում է նա:

Եվ հիմա հարցն այն է, որ Սենատում այն կարող է չստանալ բավարար թվով հանրապետականներից աջակցություն:

Այնպես որ, Ջո Բայդընի խոստումներն այս հարցում կարող են իրականացվել ոչ լիակատար չափով: Այս մասին է ակնկարկում Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին, ում խոսքերով, դեմոկրատները պետք է գնան փոխզիջումների:

Չնայած ներկա վարչակազմը հայտարարում է ներգաղթի ‘’ավելի մարդկային’’ քաղաքականություն վարելու ցանկության մասին, Թրամփի ժամանակներից ուժի մեջ մտած սահմանափակումները դեռեւս երկար ժամանակ թույլ չեն տա, որ հերթի կանգնած բոլոր անձինք մուտք գործեն ԱՄՆ:

Ներգաղթի մասին օրենքներում բարեփոխություններ անցկացնելու հարցը դարձել էր Բայդընի նախընտրական արշավի գլխավոր կարգախոսը:

Խնդիր, որը նա պիտի փորձի լուծել, քանի դեռ Կոնգերսում մեծամասնություն են կազմում իր կուսակից դեմոկրատները:

XS
SM
MD
LG