Մատչելի հղումներ

Վաշինգտոնն ու Թեհրանը մոտենում են միջուկային գործարքը վերականգնելու կետին


Միացյալ Նահանգները հայտարարել է, թե պատրաստ է Թեհրանի հետ քննարկել Իրանի միջուկային պայմանագրին նորից անդամակցելու հարցը: Նախաձեռնություն, որը մեծապես է տարբերվում Դոնալդ Թրամփի վարչակազմի վարած քաղաքականությունից:

Այս հարցը քննարկելու նպատակով ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի օրը տեսակապով զրուցել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի իր պաշտոնակիցների հետ:

Բլինքենի խոսքերով, նախագահ Ջո Բայդընի տեսակետն այն է, որ առաջին քայլը պիտի կատարվի Թեհրանի կողմից:

‘’Նախագահ Բայդընը հստակ կերպով է ասել, որ եթե Իրանը նորից լիակատար կերպով ստանձնի 2015 թվականին կնքված միջուկային միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, նույն քայլին կդիմի նաեւ Միացյալ Նահանգները’’, ասել է Բլինքենը:

Ի պատասխան Բլինքենի այս հայտարարության, Իրանի արտգործանախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն էլ հայտարարել է, որ իրենք առաջին քայլն ակնկալում են Վաշինգտոնից:

‘’ԱՄՆ-ը պետք է առանց որեւէ նախապայմանի ու արդյունավետ կերպով հանի Իրանի նկատմամբ գործող բոլոր պատժամիջոցները, որոնք նորից ուժի մեջ էին մտել Թրամփի կողմից: Դրանից հետո է, որ Իրանն անմիջապես կիրականացնի խնդիրը կարգավորելու իր գործողությունները’’, Թվիթերում գրել է Զարիֆը:

Չնայած այն հանգամանքին, որ երկու պաշտոնակիցները մեկը մյուսին է դիմում նույն կոչով, ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ասում են, թե իրենց չի թվում, որ առաջինը քայլեր կատարելու մասին երկու կողմերից հնչող պահանջը կարող է դառնալ միջուկային գործարքը վերականգնելու հարցում խոչընդոտ: Նրանց խոսքերով, խնդիր կարող են դառնալ համաձայնության կետերի շուրջ առկա որոշ այլ հարցեր:

Բայց Բայդընի վարչակազմն արդեն սկսել է Իրանի նկատմամբ հաշտության նշաններ ցույց տալու քայլեր կատարել: Օրինակ`եթե Թրամփի օրոք ՄԱԿ-ում Իրանի դիվանագետներին թույլատրվել էր լինել Նյու Յորք քաղաքի միայն մի քանի թաղամասերում, ապա այժմ ԱՄՆ-ը հանել է իրանցի դիվանագետների տեղաշարժվելու վրա դրված խոչընդոտները:

XS
SM
MD
LG