Մատչելի հղումներ

«Վրացական երազանքը» վարչապետի պաշտոնում առաջադրում է Իրակլի Գարիբաշվիլիին


Վրաստանի կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացրել է երկրի վարչապետի թեկնածու: Թեկնածուն Իրակլի Գարիբաշվիլին է, որը վարչապետի պաշտոնը մեկ անգամ արդեն զբաղեցրել էր 2013-2015 թվականներին: Նախորդ կառավարությունում նա զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը:

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրն ավելի վաղ Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Գախարիան հրաժարական էր ներկայացրել: Նա հայտարարել էր, որ հեռանալու պատճառը իշխող կուսակցությունում տարաձայնություններն էին ՝ կապված ամենամեծ ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկանոր (Նիկա) Մելիայի ձերբակալման հետ:

«Անընդունելի է կիրառել նույնիսկ իրավական միջոցներ կոնկրետ անձի նկատմամբ, եթե այդ միջոցները սպառնում են մեր քաղաքացիների առողջությանը, կյանքին կամ երկրում ստեղծում են քաղաքական ներքին սրում: Սա իմ հստակ դիրքորոշումն է», հայտարարել է Գախարիան փետրվարի 18-ին:

Գիորգի Գախարիան Վրաստանի կառավարությունը ղեկավարում էր 2019-ի սեպտեմբերից: Ամերիկյան ոչ կառավարական Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից Վրաստանում անցկացված վերջին հետազոտության համաձայն, 2020 թվականի դեկտեմբերին Գախարիայի վարկանիշը կազմել է 46 տոկոս:

Հիշեցնենք, որ նախկին նախագահ Սահակաշվիլիի Միավորված ազգային շարժում կուսակցության նախագահ Նիկա Մելիան մեղադրվում է Թբիլիսիում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Այս գործողությունները սկսվել էին 2019 թ.-ի հունիսի 20-ին այն բանից հետո, երբ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը Վրաստանում ստանձնել էր միջխորհրդարանական ուղղափառ ֆորումի նիստում նախագահելու պարտականությունը: Գավրիլովը նույն օրը հեռացել էր Վրաստանից, բայց ցույցերը վերածվել էին վրացական տարածքները Ռուսաստանի կողմից բռնազավթման դեմ բողոքի լայանծավալ ակցիաների:

2019-ին Մելիան զրվկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից եւ հունիսի 26-ին` ձերբակալվել: Հաջորդ օրը նա ազատ էր արձակվել 15,000 դոլարի գրավի դիմաց: Քաղաքական գործչին հանձնարարվել է կրել մոնիտորինգի էլեկտրոնային սարք, որը նա ավելի ուշ ՝ անցյալ տարվա նոյեմբերին անցկացված բողոքի ցույցի ժամանակ, ցուցադրաբար հանել ու նետել էր: Դրանից հետո դատարանը պարտավորեցրել էր Մելիային վճարել լրացուցիչ գումար ՝ որպես գրավ: Սակայն վերջինս հրաժարվել է դա անել ՝ նշելով, որ «ես չեմ վճարելու, իսկ դուք ինձ չեք ձերբակալելու»:

Փետրվարի 16-ին Վրաստանի նոր խորհրդարանը, որի պատգամավոր էր Մելիան ընտրվել 2020 թ. հոկտեմբերի 31-ին անցկացված ընտրություններից հետո, նորից նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից, երբ մյուս ընդդիմադիրների հետ միասին նա բոյկոտեց խորհրդարանի աշխատանքները:

Փետրվարի 17-ի ուշ գիշերը Թբիլիսիի դատարանը որոշում կայացրեց փոխել Մելիայի խափանման միջոցը ՝ գրավը փոխարինելով կալանքով: Մի շարք ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցներ ու առաջնորդներ գիշերն անցկացրել են Մելիայի հետ նրա կուսակցության գրասենյակում ՝ հայտարարելով, որ իրենք ֆիզիկապես թույլ չեն տալու նրա ձերբակալությունը:

Այն բանից հետո, երբ Գախարիան հայտարարեց իր հրաժարականի մասին, Վրաստանի ՆԳՆ-ը տարածեց հայտարարություն այն մասին, որ Նիկա Մելիային ձերբակալելու նախատեսված գործողությունը ժամանակավորապես հետաձգվում է:

Ավելի վաղ Վրաստանի օմբուդսմենը և մի շարք հասարակական կազմակերպություններ նախազգուշացրել էին Մելիային ձերբակալելու ծրագրերը ՝ հայտարարելով, որ ընդդիմության ամենախոշոր կուսակցության առաջնորդի կալանքը «լուրջ վնաս» կհասցնի երկրում ժողովրդավարությանը և է՛լ ավելի կսրի առկա բևեռացումը:

Վրաստանի ռազմավարական գործընկերները նույնպես հանդես են եկել Մելիային ձերբակալելու դատարանի որոշման վերաբերյալ մեկնաբանություններով: Սենատոր Ջիմ Ռիշը ‘’Ամերիկայի Ձայն’’-ի վրացական ծառայությանը տված հարցազրույցում ընդդիմության ամենամեծ կուսակցության առաջնորդի հնարավոր կալանավորումը համարել է «վտանգ ու սպառնալիք վրացական ժողովրդավարությանը»:

Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը հատուկ հայտարարությամբ իշխանություններին և ընդդիմությանը կոչ է արել «առավելագույն զսպվածություն ցուցաբերել», խուսափել բռնությունից և առկա տարաձայնությունները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների արդյունքով իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հավաքելով ձայների 48,22% -ը, ստացել է երկրի օրենսդիր մարմնի 150 տեղերից 90-ը: Ընդդիմադիր կուսակցություններից ամենամեծ հաջողությունը գրանցել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «ՄԱՇ» կուսակցությունը, որի օգտին է քվեարկել ընտրողների 27, 18% -ը, ստանալով 36 աթոռ խորհրդարանում:

XS
SM
MD
LG