Մատչելի հղումներ

Բայդենը դեմ է ՛՛պառակտված երկիր՛՛ մոտեցմանը


Նախագահը սպիտակ ծայրահեղականներին որակում է որպես գլխավոր ահաբեկչական սպառնալիք

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաձայն չէ այն մտքի հետ, որ ամերիկյան հանրությունը քաղաքականապես պառակտված է:

«Երկիրը չի պառակտվել», - ասաց նա Միլուոկի քաղաքում CNN- ի կազմակերպած հանրային հանդիպման ժամանակ:

«Եթե դուք գնաք, նայեք և խոսեք մարդկանց հետ, երկու կողմից էլ ծայրահեղականներ կգտնեք»,- բացատրեց նա: «Բայց երկիրն այնքան պառակտված չէ, որքան մենք մտածում ենք, և մենք պետք է այն միավորենք»:

Ներքին անվտանգության հարցերի մասին խոսելիս՝ Բայդենը ասել է, որ սպիտակամորթ ծայրահեղականներն ահաբեկչության ամենամեծ սպառնալիքն են Միացյալ Նահանգներում:

«Դա բարդ հարց է, մեծ եւ իրական խնդիր», - ավելացրել է Բայդենը:

«Ես կհետեւեմ, որ Արդարադատության նախարարությունն ու Քաղաքացիական իրավունքների բաժինը լուրջ ուշադրություն դարձնեն այդ մարդկանց վրա: Պետք է համոզված լինենք, որ մենք կենտրոնացել ենք սպիտակ գերիշխանության աճի դեմ պայքարի վրա», - ասաց նախագահը:

Բայդենը բացատրեց, որ իր վարչակազմը կուսումնասիրի նաև սպիտակամորթ ծայրահեղականության աճի ազդեցության հարցը հատուկ սոցիալական խմբերում, այդ թվում` ռազմական և նախկին ոստիկանության սպաների շրջանում:

Նա սպիտակ գերիշխանության գաղափարների պաշտպաններին անվանեց «խենթ» և «վտանգավոր»:

Նախագահը նաև ասել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պետության ղեկավարի պաշտոնում իր գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու ցանկացած որոշում թողնվում է Արդարադատության նախարարության հայեցողությանը, և որ նա չի խանգարի հնարավոր հետաքննությանը:

Բայդենը նաև նոր մոտեցում է որդեգրել ԱՄՆ-ի թմրանյութերի քաղաքականության հարցում՝ առաջարկելով ազատազրկման ժամկետի վերացում՝ որպես պատժամիջոց, թմրանյութերի հետ կապված օրենքի խախտողների համար:

«Ոչ ոք չպետք է բանտ նստի թմրանյութերի համար: Թմրանյութեր օգտագործելու համար ոչ ոք չպետք է բանտում հայտնվի: Նման մարդիկ պետք է ուղարկվեն վերականգնողական կենտրոններ՝ որպես թմրամոլներ», - ասաց նախագահը:

Բայդենը նշել է, որ ինքը փորձում է զգույշ լինել կանխատեսումներում, թե երբ երկիրը կընկնի նորմալ հունի մեջ կորոնավիրուսի համաճարակից հետո, բայց չիբացառել, որ հաջորդ Ծննդյան տոները նշվեն «բոլորովին այլ միջավայրում»:

Նա ընդգծել է, որ շարունակական պատվաստումների և Johnson & Johnson- ի կանխատեսվող պատվաստանյութերի պարագայում վիրուսի տարածման հավանականությունը «զգալիորեն կնվազի» կոլեկտիվ իմունիտետի արդյունքում:

«Եթե այսպես գնա, ապա, ինչպես մայրս էր ասում, Աստծո շնորհիվ և մեր հարևանների բարի կամքով, հաջորդ Սուրբ Ծննդյան տոնին, մենք այսօրվանից բոլորովին այլ միջավայրում կլինենք», - ասաց Բայդենը:

«Կարծում եմ, որ մեկ տարի անց ավելի քիչ մարդ ստիպված կլինի պահպանել սոցիալական հեռավորություն ու դիմակ կրել, բայց մենք հստակ չգիտենք», - ավելացրեց նա:

Նախագահն ամերիկացիներին հորդորել է հնարավորության դեպքում անպայման պատվաստվել կորոնավիրուսի դեմ ցանկացած պատվաստանյութով:

Facebook Forum

XS
SM
MD
LG