Ուկրաինական բանակը հայտնում է, որ իր հինգ զինծառայողներ սպանվել են այս շաբաթվա ընթացքում՝ չնայած երկրի արեւելքում ռուսամետ անջատողականների հետ զինադադարին: Այսպիսով, տարվա սկզբից զոհված ուկրաինացի զինծառայողների ընդհանուր թիվը հասել է 11-ի:
Երեք զինվորականներ սպանվել էին կիրակի օրը անհայտ սարքի պայթյունից, երբ նրանք տեղափոխում էին իրենց դիրքավորումը՝ հերթապահություն կատարելու համար: Նրանք վերջին զոհերն են հակամարտության ընթացքում, որը խլել է մոտ 14,000 մարդու կյանք:
Ավելի վաղ դիպուկահարների կողմից սպանվել էին երկու ուկրաինացի զինծառայողներ: Դա տեղի ունեցավ, երբ տարածքում էր գտնվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արևմտյան երկրների մի խումբ դիվանագետների հետ:
Զելենսկիի գրասենյակից հայտնեցին, որ նախագահը հանձնարարել է պաշտպանության նախարարին և զինված ուժերի գլխավոր հրամանատարին մեկնել երկրի արևելք և հետաքննել վերջին միջադեպերը:
Անցյալ տարվա երկրորդ կեսին չորս զինծառայողներ զոհվել էին այն բանից հետո, երբ կողմերը համաձայնության էին եկել կրակի դադարեցման մասին՝ քաղաքական գործիչներին և դիվանագետներին ժամանակ տալով հակամարտությունը խաղաղ կարգավորման համար:
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն, ով ստանձնել է ԵԱՀԿ-ի ղեկավարի պաշտոնը, հունվարին իր տարածաշրջանային առաջին այցի ժամանակ հայտարարեց, որ հրադադարի ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ են ավելի շատ միջոցառումներ:
Facebook Forum