Մատչելի հղումներ

Որքան ազդեցիկ է Թրամփը իմփիչմենթի գործընթացից հետո


Որոշ հանրապետականներ նրան համարում են կուսակցության ամենաազդեցիկ դեմքը: Մյուսները ասում են, որ ընտրողների շրջանում նրա ժողովրդականությունը կնվազի

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական ապագան մնում է անհայտ նույնիսկ այն բանից հետո, երբ իմփիչմենթի դատավարությունն ավարտվեց Սենատում նրա արդարացումից հետո:

Սենատում իմփիչմենթի գործընթացի ավարտից անմիջապես հետո, նախկին նախագահը հայտարարեց կրկին, որ իր քաղաքական կարիերան դեռևս չի ավարտվել: Այնուամենայնիվ, նա չհստակեցրեց, թե արդյոք նորից կառաջադրվի նախագահի պաշտոնում 2024 թվականին, թե ոչ:

Թրամփն իմփիչմենթի դատավարությունն անվանել է ԱՄՆ պատմության մեջ «վհուկների ամենամեծ որսի հերթական փուլ»:

«Ոչ մի նախագահ երբևէ չի ենթարկվել նման բանի», - ասել է նա՝ ավելացնելով՝ «Ամերիկան կրկին մեծացնելու է Մեր պատմական, հայրենասիրական և հրաշալի այս շարժումը հանուն Ամերիկայի կրկին հզորացման: Եվ այն նոր է սկսվել: Ես առաջիկա ամիսներին շատ բան ունեմ ձեզ ասելու, և ես անհամբեր սպասում եմ, որ միասին շարունակենք մեր անհավատալի ճանապարհը` հանուն ամերիկյան հզորությանը հասնելու բոլորիս նպատակի»:

Նրա ամենամոտ հանրապետական կողմնակիցներից մեկը ՝ սենատոր Լինդսի Գրեմը, կիրակի օրը Fox News- ին ասաց, որ իմփիչմենթի դատավարության ավարտից հետո ինքը խոսել է նախկին նախագահի հետ: Նա ասաց, որ Թրամփը «պատրաստ է առաջ շարժվել ՝ կուսակցությունն ուժեղացնելու համար», որպեսզի 2022 թ-ի միջանկյալ ընտրություններում կուսակցությունը վերականգնի Սենատի և Ներկայացուցիչների պալատի նկատմամբ վերահսկողությունը:

«Եթե ցանկանում եք հաղթել, ապա պետք է աշխատել նախագահ Թրամփի հետ: Ամեն ինչ լավ է Թրամփի շարժման հետ: Հանրապետական կուսակցության ամենահզոր ուժը Դոնալդ Թրամփն է»,- ասաց սենատոր Գրեմը:

Այնուամենայնիվ, Մերիլենդի հանրապետական նահանգապետ Լարի Հոգանը CNN- ին ասաց, որ ընտրություններում Թրամփի կրած պարտությունից և նրա նախագահության ավարտից հետո հանրապետականները «առաջիկա մի քանի տարիներին ստիպված կլինեն ներգրավվել իրական պայքարի մեջ»:

Հոգանը տարակուսանք է հայտնում՝ արդյո՞ք հանրապետականները պատրաստվում են դառնալ այնպիսի կուսակցություն, որը չի կարող հաղթել համապետական ընտրություններում: Ազգային հարցումները ցույց են տալիս, որ շատ հանրապետականներ շարունակում են աջակցել Թրամփին, բայց Հոգանը ենթադրում է, որ «ժամանակի հետ ամեն ինչ կփոխվի»:

Դեմոկրատ սենատոր Էմի Քլոբուչարը, ով քվեարկել է Թրամփին դատապարտելու օգտին, Fox News- ին ասել է, որ չի հավատում, որ Թրամփը կմնա առանցքային դեմք Հանրապետական կուսակցությունում:

«Ամերիկացիները տեսան, թե ինչ արեց այս մարդը», - ասել է նա: «Նա ավարտված է»:

Սակայն սենատոր Գրեմի խոսքով՝ Թրամփը «զայրացած է որոշ մարդկանց վրա», ովքեր Սենատում իրեն դեմ են հանդես եկել: 50 հանրապետական սենատորներից յոթը միացան 50 դեմոկրատներին, որոնք քվեարկել են նախկին նախագահին դատապարտելու օգտին: Միևնույն ժամանակ, նշում է Գրեմը, Թրամփը «պատրաստ է ներգրավվել քարոզարշավում» ՝ աջակցելու հանրապետական թեկնածուներին:

Սենատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը, որը քվեարկել էր Թրամփին արդարացման օգտին, դատապարտեց սակայն իր երկարամյա քաղաքական դաշնակցին՝ Թրամփին, Կապիտոլիումի հարձակման վրա իր ունեցած դերի համար: Հիշեցնենք, որ այդ հարձակմանը հինգ մարդ էր զոհ գնացել:

Ըստ Մաքքոնելի, հունվարի 6-ին Թրամփը «իրադարձությունների հրահրման համար գործնական եւ բարոյական պատասխանատվություն է կրում»: «Մարդիկ, ովքեր ներխուժեցին այս շենք, հավատացին, որ գործում են իրենց նախագահի ցանկությամբ և ցուցումով», - նշել է նա:

Facebook Forum

XS
SM
MD
LG