Մատչելի հղումներ

Բայդենը երկարացնում է բժշկական ապահովագրության համար ժամկետները մինչեւ մայիսի 15-ը


ԱՄՆ նախագահը ողջունում է համաճարակի պայմաններում առողջապահությունն ավելի մատչելի դարձնելու նախաձեռնությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց բժշկական ապահովագրության ընդլայնման մասին կառավարության HealthCare.gov առցանց հարթակում:

«Առողջապահությունը իրավունք է, ոչ թե արտոնություն, և ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի բոլոր ամերիկացիներն ունենան իրենց արժանի, որակյալ և մատչելի առողջապահություն: Սա հատկապես կարևոր է մահացու համաճարակի պայմաններում, որն արդեն խլել է ավելի քան 470 000 մեր հայրենակիցների կյանք: Ամեն 12-րդ ամերիկացին վարակվում է վիրուսով, որը հաճախ առողջության համար ունենում է կործանարար հետևանքներ», - ասել է նախագահը:

«Այսօրվանից մինչև 2021 թվականի մայիսի 15-ը կգործի HealthCare.gov հարթակը, որպեսզի բոլոր ամերիկացիները կարողանան ստանալ բժշկական ապահովագրություն: Բոլորն այժմ կարող են օգտվել գրանցման հատուկ ժամանակացույցից: Մենք շարունակում ենք պայքարել համաճարակի դեմ և ամրապնդել ու զարգացնել Մատչելի բժշկության մասին օրենքը», - ավելացրել է նախագահը:

Բայդենը ողջունել է Ամերիկյան փրկարարական ծրագրի ընդունման գործում առաջընթացը, որն ընդլայնելու է փորձձերը, դեպքերի հետաքննությունն ու պատվաստումները: Ծրագիրը ներառում է նաև միջոցառումներ՝ ուղղված առողջապահական ծախսերի նվազեցմանը և բոլոր ամերիկացիների, այդ թվում ՝ գործազուրկների համար, բժշկական խնամքի հասանելիության բարձրացմանը: Նախաձեռնությունը կմեծացնի դաշնային սուբսիդիաները և կկրճատի ապահովագրավճարները, որպեսզի բժշկական ապահովագրության գինը չանցնի քաղաքացիների եկամտի 8,5 տոկոսը: Ծրագիրը նախատեսում է նաև խթանման միջոցառումներ նահանգների համար՝ չորս միլիոն ցածր եկամուտ ունեցող անձանց ապահովագրելու նպատակով: Նահանգներին հնարավորություն է տրվում մեկ տարով երկարացնել ցածր եկամուտ ունեցող վերջերս ծննդաբերած կանանց ապահովագրությունը:

Բայդենը բոլոր անապահով խմբերին հորդորեց մինչև մայիսի 15-ը օգտվել HealthCare.gov- ից:

«Մենք կհաղթահարենք այս ճգնաժամը, եթե հոգ տանենք միմյանց մասին և միասին աշխատենք մեծացնել ապահովագրված մարդկանց թիվը, կրճատել ծախսերը և ապահովել բոլոր ամերիկացիների առողջապահության իրավունքը», - ամփոփել է նախագահը:

Facebook Forum

XS
SM
MD
LG