Նյու Յորքի ոստիկանությունը հարցաքննություններ է իրականացնում մետրոյում դանակի հարձակման մի շարք դեպքերի կապակցությամբ, որի արդյունքում զոհվել է երկու մարդ: Այս մասին կիրակի օրը հայտարարեցին տեղի իշխանությունները:
«Իրավապահների ուշադրության կենտրոնում գտնվող անձը ներկայումս հարցաքննվում է մետրոյում դանակահարության գործով», - հայտնել է Նյու Յորքի ոստիկանության ներկայացուցիչ Մարտին Բրաունը:
Նա հրաժարվեց ասել, թե երբ է բերման ենթարկվել այդ անձը, և արդյոք նա կասկածվում է չորս հարձակումներից մեկի կամ մի քանիսի մեջ, որոնք ուրբաթ օրվանից գրանցվել են Նյու Յորքի մետրոյի կայարաններում և գնացքներում: Ըստ ամենայնի, թիրախավորվում էին անօթևանները:
Տեղական 1010WINS ռադիոկայանը, վկայակոչելով ոստիկանության աղբյուրները, ասել է, որ կասկածյալը մի մարդ է, ով շաբաթ երեկոյան բերման է ենթարկվել արյունոտ հագուստով և կոշիկներով:
Ոստիկանությունից հայտնում են, որ առաջին հարձակման արդյունքում վիրավորված 67-ամյա տղամարդն ապաքինվում է հիվանդանոցում ՝ դիմակավորված անձի կողմից դանակահարվելուց հետո:
Մի քանի ժամ անց մետրոյի գնացքում հայտնաբերվեց մեկ այլ տղամարդ, ով մահացել էր դանակահարության արդյունքում:
Դրանից հետո հայտնաբերվեց անգիտակից վիճակում 44-ամյա մի կին՝ դանակի հարվածի հետքերով: Նա մահացավ հիվանդանոցում:
Չորրորդ զոհը 43-ամյա մի տղամարդ էր, ով հարձակման էր ենթարկվել շաբաթ երեկոյան: Ոստիկանությունից հայտնել են, որ վիրահատվելուց հետո նրա վիճակը կայուն է:
Նյու Յորքի ոստիկանության ներկայացուցիչ Դերմոտ Շեյը շաբաթ օրը լրագրողներին ասել է, որ 500 լրացուցիչ ոստիկաններ են ընդգրկվել՝ քաղաքի հասարակական տրանսպորտային վայրերում ծառայություն իրականացնելու համար, «որպեսզի մարդիկ իրենց անվտանգ զգան»:
Facebook Forum