Մատչելի հղումներ

Ե՞րբ են հանվելու Վաշինգտոնի ցանկապատերը


ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը, որը միշտ հպարտացել է այստեղ բոլոր հաստատություններում ազատ մուտքի իրավունքի համար, այսօր լի է ցանկապատերով, բաժանարար պատնեշներով: Մի բան, ինչը քաղաքի բնակիչների խոսքերով, պարզապես կոտրում է իրենց սիրտը:

Անվտանգության համար նախատեսված պատնեշները տարածվում են Գերագույն դատարանի շենքից մինչեւ Վաշինգտոնի կենտրոնական զբոսայգի:

Բնակիչների համար սա չափազանց տարօրինակ է ու անսովոր, ոչ վայել Վաշինգտոնի համար, քաղաք, որը նրանց խոսքերով միշտ լի է եղել մարդկանցով, այստեղ են անցկացվել ԱՄՆ-ի բոլոր տոներին նվիրված արարողություններն ու շքերթները:

Սակայն քանի դեռ Կոնգրեսի շենքում շարունակվում է Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցով դատավարությունը, երկու մետր բարձրությամբ ցանկապատերը կմնան այստեղ, իրենց վրա ամրացված փշալարերեի հետ միասին:

Այստեղ են շարունակում մնալ նաեւ ազգային գվարդիայի յոթ հազար զինվորականներ: Նրանք այստեղ կմնան մինչեւ մարտ ամսվա կեսը, ինչը պաշտպանության նախարարությունից պահանջելու է 483 միլիոն դոլար:

Հունվարի 6-ին Կոնգրեսի շենքի դեմ իրականացված գրոհից հետո ընկած ժամանակահատվածում այստեղ լռություն է, սակայն որեւէ մեկը չի կարող ասել, թե որքան այն կարող է պահպանվել:

Հետաքննությունների դաշնային բյուրոյում ահաբեկչությունների հարցերով նախկին փորձագետ Բրայըն Լինչի խոսքերով. ‘’Այն, ինչ պատահեց հունվարի 6-ին, այլեւս չի կրկնվի ու չի կարող կրկնվել: Իսկ այն, ինչ ականատես եղանք այդ օրն այստեղ, կարող է պատահել յուրաքանչյուր երկրում’’:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքի տեսքին, Կապիտոլիումի ոստիկանության պետ Յոգանանդա Փիթմանի խոսքերով, տեղադրված ցանկապատերի մի մասը կարող է այստեղ մնալ մշտապես: Սակայն քաղաքագլուխ Մուրիել Բաուսերը հույս է հայտնում, որ դրանք մի օր կհանվեն, երբ ամեն ինչ այստեղ մտնի իր հունի մեջ:

XS
SM
MD
LG