Մատչելի հղումներ

Ջանան Քաֆթանջօղլուն` Թուրքիայի քաղաքական վերելքում ու վտանգի տակ


2019 թվականին Էքրեմ Իմամօղլուն Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում իր ընտրվելու համար հատուկ շնորհակալություն հայտնեց Ջանան Քաֆթանջօղլուին: Վերջինս, որպես Ստամբուլի Հանրապետական ժողովրդական կուսակցության նախագահ, մեծապես էր օգնել, որ այստեղ տապալվեր նախագահ Էրդողանի Արդարություն եւ զարգացում կուսակցության քսանամյա իշխանությունը:

Քաֆթանջօղլուն այժմ զբաղված է իր կուսակցության շարքերում քաղաքական բաժանումները հարթելու աշխատանքներով: Գլխավոր խնդիրներից մեկն այս կուսակցության նկատմամբ Թուրքիայի քուրդ փոքրամասնության բացասական, երբեմն` թշնամական վերաբերմունքն է:

Նրա խոսքերով, Ստամբուլի քաղաքապետարանի ընտրություններում իրենց հաղթանակից հետո իրենց կուսակցությունը մարդիկ համարում են հույսի նշույլ:

Մասնագիտությամբ բժիշկ Քաֆթանջօղլուն արդեն նախապատրվաստվում է վաղաժամ ընտրություններին եւ հայտարարում, որ իր կուսակցության հաղթանակը կախված է արդար ընտրություններից: Նրա խոսքերով, համընդհանուր ընտրությունների ժամանակ իրենք կիրառելու են Ստամբուլի ընտրությունների օրինակով քվեատուփերը տարբեր հատվածներ տեղափոխելու մեթոդը: ‘’Ամեն ինչ կախված է քվեատուփերի անվտանգությունից’’, ասում է Քաֆթանջօղլուն, որին իր քաղաքական առաջընթացի պատճառով սպասվում է բանտարկության հնարավորությունը:

Նա այժմ բողոքարկում է իր դեմ տասը տարվա ազատազրկման մասին դատավճիռը, որը կայացվել է ահաբեկչական քարոզչություն տարածելու մեղադրանքի հիման վրա:

Նախագահ Էրդողանն էլ նրան ահաբեկիչ է անվանում ու մեղադրում ուսանողական բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ:

Իսկ մի շարք վերլուծաբաններ Քաֆթանջօղլուի նկատմամբ կառավարության կողմից իրականացվող այս հարձակումների պատճառ են համարում նրա հաջողությունը:

Ինչպես Գալաթասարայի համալսարանի դասախոս Նազլի Օքթենն է ասում, ‘Քաֆթանջօղլուի դեմ բոլոր գործողություններն իրականացվում են այն պատճառով, որ նրան համարում են սպառնալիք, քանի որ նա ուժեղ է, եւ կարող’’:

Ինքը`Քաֆթանջօղլուն ընդունում է, որ Թուրքիայում քաղաքական փոփոխություն իրականացնելու հանգամանքը կապված է վտանգների հետ:

‘’Դատարանի սուրը միշտ կախված է իմ գլխավերեւում: Կլինեն նաեւ մարդիկ, որոնք կփորձեն խլել իմ կյանքը: Բայց այս երկրում հազարավոր մարդիկ են կորցրել իրենց կյանքը իրենց գաղափարների պատճառով: Իմ կյանքը չի տարբերվում նրանց կյանքից’’, ասում է նա:

Քաֆթանջօղլուի ընտանիքի անդամներն ու ընկերներն անցյալում դարձել են քաղաքական սպանությունների զոհ: Սակայն նա չի հրաժարվում այն ուղուց, որն ընտրել է հանուն Թուրքիայի ժողովրդավարացման:

XS
SM
MD
LG