Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սենատում շարունակվում է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցով դատավարությունը


Դոնալդ Թրամփին Սենատում իմփիչմենթի ենթարկելու գործով զբաղվող պաշտոնատար անձինք չորեքշաբթի օրվա դատական նիստի ժամանակ ցուցադրեցին հունվարի 6-ին Կապիտոլիումի շենքը գրոհելու մասին մինչ այժմ դեռեւս չցուցադրված տեսագրություններ: Դրանք տեսարաններ են, որոնք սենատորները պիտի օգտագործեն ապացուցելու համար, որ բռնությունները հրահրողը եղել է նախկին նախագահը:

Ինչպես Ներկայացուցիչների պալատի իմփիչմենթի հարցերով պատասխանատու Ջեմի Ռեսքինն է ասում, իրենք ապացուցելու են, որ Թրամփը պարզ դիտողի դերում չի եղել: Կոնգրեսականները փորձում են ապացուցել, որ այդ օրվա գործողությունները զարգացել են ամիսների ընթացքում, երբ Թրամփը շարունակում էր հայտարարել, որ նախագահական ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել խախտումներ:

Կոնգրեսական Էրիկ Սուոլուելի խոսքերով, ամիսներ շարունակ արտասանած Թրամփի ելույթները ու կրկնվող մեղադրանքներն ազդել են մարդկանց վրա, որոնք ի վերջո հավատացել են, որ իրենց ձայնը խլել են ընտրություններում:

Իսկ ինչպես կոնգրեսական Մեդըլայն Դիինն է հիշեցնում, ‘’Որեւէ դատարան, որեւէ մեկ դատավոր չի համաձայնվել հայտարարել, որ ընտրությունների արդյունքը կեղծված է, եւ որ հարկավոր է անցկացնել նոր ընտրություններ’’:

Թրամփի փաստաբաններն իրենց պաշտպանական ելույթներով հանդես են գալու ուրբաթ օրը: Նրանք մինչ այդ հայտարարում են, որ Թրամփն օգտվել է ազատ խոսքի իր իրավունքից, եւ դրա համար չի կարող մեղադրվել քաոս առաջ բերելու մեջ:

Չնայած այն հանգամանքին, որ փաստաբանները, շատերի կարծիքով, չեն կարողանալու ապացուցել իրենց պնդումները, քիչ հավանական է, որ Թրամփին Սենատը ենթարկի իմփիչմենթի, քանի որ նման որոշում կայացնելու համար հանրապետական սենատորներից առնվազն 17-ը պիտի միանան դեմոկրատներին:

Վերլուծաբան Ջոն Հուդաքի խոսքերով, հանրապետականները դժվար թե գնան նման քայլի, քանի որ ունեն մտավախություն, որ այդպիսով կվնասվի իրենց կուսակցության հեղինակությունը, ինչն էլ հարված կհասցնի իրենց իսկ քաղաքական հիմքերին:

Իմփիչմենթի գլխավոր նպատակներից մեկն այն է, որ Թրամփն ապագայում այլեւս չունենա դաշնային կառավարության որեւէ պաշտոն, այդ թվում երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելու իրաքունք:

XS
SM
MD
LG