Մատչելի հղումներ

Թուրքական կողմի համար ՛՛երկու պետություններ՛՛ բանաձևը Կիպրոսի հարցի կարգավորման միակ տարբերակն է


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը ասել է, որ Կիպրոսի խնդիրը կարգավորելու միակ տարբերակը կղզում երկու պետությունների հիմնումն է, և Աթենքի նախընտրած ֆեդերացիայի տարբերակը ներառված չէ առաջիկա բանակցությունների օրակարգում

Երկուշաբթի Հունաստանի և Կիպրոսի ղեկավարները հայտնեցին, որ նրանք կընդունեն միայն ՄԱԿ-ի բանաձևերի վրա հիմնված խաղաղ համաձայնությունը` մերժելով Թուրքիայի և թուրքական Կիպրոսի առաջ քաշած երկու պետություններ բանաձևը: ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցությունները ծրագրված են հաջորդ ամիս:

ՄԱԿ-ը պատրաստվում է Կիպրոսի երկու համայնքներին և երեք երաշխավորող պետություններին՝ Հունաստանի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներին հրավիրել քննարկման, թե ինչպես կարելի է առաջ շարժվել Կիպրոսի հարցում, որը Անկարայի և Աթենքի միջև լարվածության մշտական օջախ է: Այն նաև բարդ իրավիճակ է ստեղծում Միջերկրական ծովի արևելքում էներգետիկ նախագծերի շուրջ:

ՄԱԿ-ի բանաձեւերը պահանջում են Կիպրոսի երկու գոտիների վերամիավորում դաշնային համակարգի ներքո: Նախորդ փորձերը ձախողել էին: Կղզին մասնատվել էր 1974 թ-ին թուրքական ներխուժման արդյունքում, որը սկսվեց Հունաստանում հեղաշրջումից հետո:

Էրդողանը նշել է, որ Հունաստանի և Կիպրոսի կառավարության հայտարարությունները ցույց են տալիս, որ դրանք անտեսում են Կիպրոսի թուրքական իշխանությունների շահերը, որոնք ճանաչվել են միայն Անկարայի կողմից: Նա նաև հավելել է, որ նախկինում ձախողված առաջարկները քննարկելու իմաստ չկա:

Չնայած ՄԱԿ-ի բանաձևերի՝ այսօր Թուրքիան և Կիպրոսցի թուրքերը կոչ են անում ստեղծել համադաշնություն կամ երկու պետությունների միություն: Կիպրոսցի հույները ՝ կղզու միջազգայնորեն ճանաչված կառավարությունը և ԵՄ անդամ երկրները հրաժարվում են քննարկել այս բանաձևը, քանի որ դա ենթադրում է Կիպրոսի թուրքական ինքնիշխանիշխանության հաստատում:

Տարիներ շարունակ Թուրքիայի ու Հունաստանի միջև տարաձայնությունների մեկ այլ աղբյուր է նաև Միջերկրական ծովի արևելքում գտնվող էներգետիկ պաշարների պատկանելիության հարցը: Երկու երկրները անցած ամիս վերսկսեցին բանակցությունները, սակայն չորեքշաբթի Էրդողանն ասաց, որ չի կարող հանդիպել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միծոտակիսի հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG