Մատչելի հղումներ

Ծայրահեղականության վտանգը` ԱՄՆ-ում


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի դեմ հունվարի 6-ին իրականացված գրոհը չի կարելի համարել միայն պահի ազդեցության տակ իրականացված գործողություն: Աջթեւային ծայրահեղականությունը, սպիտակների գերիշխանության գաղափարախոսությունը, եւ ներքին ահաբեկչությունների վտանգը զարգանում էր անցած տարիների ընթացքում: Այս մասին է հայտարարում նաեւ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Բենի Թոմփսոնը: ‘’Իսկ նախորդ վարչակազմի մեղքն այն է, որ չկարողացավ այդ խնդիրը ճիշտ լուծել’’, ասում է նա:

Հիմա վերլուծաբաններն ասում են, թե ներքին ծայրահեղականությունը, սպիտակների ազգայնամոլությունը եւ դավադրությունների տեսությունների նկատմամբ աճող հավատքը կարող են ԱՄՆ-ի դեմ կիրառել այս երկրի թշնամիները:

Ինչպես մայրաքաղաք Վաշինգտոնի ներքին գործերի բաժնի պետ Քրիստոֆեր Ռոդրիգեսն է ասում, ‘’Մասնավորապես Ռուսաստանը արդեն մի քանի տասնամյակ իրականացնում է գաղտնի գործողություններ, այստեղ մշակութային հակամարտություն հրահրելու համար’’: Նրա խոսքերով, Ռուսատանը դա անում է հիմնականում սուտ լուրեր տարածելու եղանակով, այն մասին, որ ընտրություններում կեղծիքներ են իրականացվում, որ ամերիկյան համակարգը կոռումպացված է ու պիտի տապալվի:

Հանրապետական կոնգրեսական Ջեֆ Վան Դրուի խոսքերով, անկախ նրանից, թե խոսքը ծայրահեղ ձախերի մասին է, թե ծայրահեղ աջերի, այդ երեւույթները վերացնելու համար հարկավոր են լուրջ ու հիմնավոր միջոցներ:

Թե որոնք են լինելու այդ միջոցները Ջո Բայդընի նախագահության օրոք, ցույց կտան նրա նախագահության տարիները: Իսկ մինչ այդ, երբ Սենատում սկսվի Թրամփին իմփիչմենթի ենթարկելու դատավարությունը, Վաշինգտոնում կտեղակայվեն Ազգային գվարդիայի ջոկատները:

XS
SM
MD
LG