Մատչելի հղումներ

Բայդընը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի առաջատար դերն աշխարհում


Չորեքշաբթի օրը` փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդընն այցելել է ԱՄՆ պետքարտուղարություն, ուր հանդես է եկել իր առաջին հիմնական ելույթով ամերիկյան արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերների մասին

Դիմելով պետքարտուղարության պաշտոնյաներին` նախագահ Բայդընը շեշտել է այն կարևոր դերը, որ այս գերատեսչությունը խաղում է ամբողջ աշխարհի առջև ծառացած մարտահրավերների հարցում, ներառյալ կորոնավիրուսի համաճարակի, կլիմայի ճգնաժամի և միջուկային զենքի տարածման հետ կապված հարցերում:

«Այս խնդիրները կարող են լուծվել միայն այն երկրների կողմից, որոնք համատեղ աշխատում են ընդհանուր նպատակի համար», - ասել է Բայդընը:

Համագործակցությունը այլ երկրների հետ պետք է սկսվի դիվանագիտությունից, որը հիմնվում է ամերիկյան ժողովրդավարության հիմնական արժեքների վրա, ներառյալ ազատության պաշտպանության, հավասար հնարավորությունների ընձեռման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության և բոլոր մարդկանց նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի, ասել է նախագահը:

«Չնայած այս արժեքներից շատերը վերջին տարիներին ենթարկվել են ուժեղ ճնշման և վերջին մի քանի շաբաթների ընթացքում նույնիսկ գտնվում էին վերացման եզրին, ամերիկյան ժողովուրդն ավելի ուժեղացած դուրս կգա այս իրավիճակից..., որպեսզի միավորի աշխարհը հանուն ժողովրդավարության պաշտպանության», - ասել է նախագահը:

Նա նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում իրեն հաջողվել է շփվել ԱՄՆ շատ դաշնակիցների՝ Կանադայի, Մեքսիկայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, ՆԱՏՕ-ի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Ավստրալիայի ղեկավարների հետ: Ելույթը, ըստ Բայդընի, վերաբերում էր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վերանայմանը և ժողովրդավարական դաշինքների վերականգնմանը, որոնք «վերջին չորս տարիների անտեսման և չարաշահումների հետևանքով խեղաթյուրվել են»:

Ըստ նրա, դաշինքներ ստեղծելու կարողությունը Միացյալ Նահանգների հիմնական ուժեղ կողմերից մեկն է: Նախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պետք է «ևս մեկ անգամ ուս ուսի կանգնի մեր դաշնակիցների և առանցքային գործընկերների հետ»: Այնուամենայնիվ, միևնույն ժամանակ, Վաշինգտոնը պետք է շարունակի դիվանագիտական փոխգործակցությունը մեր հակառակորդների և մրցակիցների հետ, քանի որ դա բխում է երկրի շահերից և նպաստում ամերիկացի ժողովրդի անվտանգությանը:

Միևնույն ժամանակ նախագահ Բայդընը հատուկ հիշատակել է Ռուսաստանը և ասել, որ միջազգային անվտանգության և կայունության ամրապնդման ճանապարհին կարևոր ու իրական քայլերից էր ռազմավարական միջուկային զենքերի կրճատման վերաբերյալ ԱՄՆ-ՌԴ START-3 պայմանագրի 5 տարով երկարաձգումը: Այնուամենայնիվ, շեշտում է Բայդընը, ամերիկյան նոր վարչակազմը անհետևանք չի թողնի Ռուսաստանի գործողությունները աշխարհում միջազգային պարտավորությունների խախտման հարցում, այդ թվում ՝ մարդու իրավունքների ոլորտում: Բայդընը հերթական անգամ Կրեմլին կոչ արեց «անհապաղ և անվերապահորեն» ազատ արձակել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին:

Նա նաեւ նշել է, որ իր վարչակազմը կհակազդի Չինաստանի գործունեությանը, ուր կոպտորեն ոտնահարվում են մարդու իրավունքները:

ԱՄՆ նախագահը կոչ է արել խաղաղության հասնել Եմենում, որը տարիներ շարունակ պառակտված է քաղաքացիական պատերազմի արդյունքում: Նա նաեւ հավաստիացրել է, որ Վաշինգտոնը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի ինքնիշխանությունը, որի տարածքը բազմիցս թիրախավորվել է իրանամետ ռազմական խմբավորումների կողմից:

Բայդընը հավաստիացրեց, որ Միացյալ Նահանգներն ավելի շատ փախստականներ կընդունի, կվերականգնի ամերիկյան առաջնորդությունը գլոբալ մարտահրավերների դեմ պայքարում, ինչպիսիք են կորոնավիրուսի համավարակը և կլիմայի փոփոխությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG