Մատչելի հղումներ

ԱՄՆ նախագահն այցելում է պետքարտուղարություն


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի այցը ցույց է տալիս արտաքին քաղաքականության կարևորությունը նոր վարչակազմի համար

Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման երկրորդ շաբաթից հետո այցելում է ԱՄՆ պետքարտուղարություն: Այցի նպատակն է ընդգծել, որ վարչակազմը ձգտում է վերականգնել բազմակողմ արտաքին քաղաքականությունը բազմաթիվ հարցերում և ընդգծել վարչակազմի և միջազգային հանրության սերտ համագործակցության վերականգնումը:

Ինչպես նախօրեին նշել է Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսաքին, ով ժամանակին զբաղեցնում էր պետքարտուղարության մամուլի քարտուղարի պաշտոնը, նախագահ Բայդենի այցը արտաքին գործերի գերատեսչություն պայմանավորված է առաջին հերթին դիվանագիտական ծառայության աշխատակիցներին և պետքարտուղարության քաղծառայողներին շնորհակալություն հայտնելու ցանկությամբ:

Ըստ Փսաքիի, նախագահ Բայդենի ելույթը նվիրված կլինի արտաքին քաղաքականության հարցերի լայն շրջանակին: Այն փաստը, որ Բայդենը պաշտոնի ստանձնումից հետո գրեթե անմիջապես այցելում է պետքարտողարություն, նպատակ ունի ցույց տալու նախագահի հետաքրքրությունն արտաքին քաղաքականության ոլորտի վերաբերյալ և, մասնավորապես, հիշեցնելու իր մեծ փորձառության մասին դեռևս Սենատում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմում:

Չորեքշաբթի օրը վարչակազմի արտաքին քաղաքական հարցերի շուրջ ճեպազրույցի ժամանակ Ջեն Փսաքին ևս մեկ անգամ հիշեցրեց նախագահի մոտեցման մասին, ըստ որի՝ ԱՄՆ-ը պետք է սերտորեն համագործակցի իր դաշնակիցների հետ Չինաստանի հետ հարաբերությունների հարցում: Այս կապակցությամբ նա մեջբերեց պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, ով ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները Միացյալ Նահանգների համար որակել է աշխարհի ամենակարևոր հարաբերությունները:

Սպիտակ տան խոսնակը նաեւ նշել է, որ նախագահն իր եվրոպացի դաշնակիցների հետ քննարկում է Ռուսաստանին վերաբերող հարցեր:

Փսաքին ընդգծել է Ռուսաստանի իշխանությունների կողմից ձերբակալված ամերիկացիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտությունը: Հիշեցնենք, որ Ռուսաստանում պահվող ԱՄՆ քաղաքացիների թվում են նախկին զինվորականներ Փոլ Ուիլանը և Թրևոր Ռիդը, ինչպես նաև ներդրող Մայքլ Քալվին:

Ռուսաստանի դատարանը Փոլ Ուիլանին դատապարտել է տասնվեց տարվա ազատազրկման ՝ լրտեսության մեղադրանքով: Թրևոր Ռիդը դատապարտվել է ինը տարվա ազատազրկման ՝ Ռուսաստանի ոստիկանության երկու սպայի կյանքը վտանգելու մեղադրանքով:

Փսաքին ասում է, որ ձերբակալված ամերիկացիների ազատ արձակումը ցույց կտա, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «Start III» -ի համաձայնության երկարացումից հետո, Մոսկվան պատրաստ է լուծել անցյալից ժառանգած «բարդ խնդիրները» երկկողմ հարաբերությունների համատեքստում:

Facebook Forum

XS
SM
MD
LG