Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը վերանայում է Մյանմարին ֆինանսապես աջակցելու ծրագիրը


Մյանմարի զինված ուժերի կողմից երկրի քաղաքացիական իշխանության ու խորհրդարանի անդամներին ձերբակալելու փաստն ուսումնասիրվում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում: ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը, հենվելով ստացված լուրերի վրա, գտնում է, որ այստեղ տեղի է ունեցել պետական հեղաշրջում: Ինչպես արտգործնախարարության խոսնակ Նեդ Փրայսն է ասել, ‘’Այս փաստը ստիպում է վերանայել Մյանմարին 135 միլիոն դոլարի չափով օգնություն հատկացնելու ԱՄՆ-ի քաղաքականությունը:

Մյանմարի զինված ուժերը չի ընդունում նոյեմբերյան ընտրությունների արդյունքը, ըստ որի հաղթանակ էր տարել Հանուն ժողովրդավարության ազգային լիգան: Բանակը պնդում է, թե տեղի են ունեցել խախտումներ, երկրում մեկ տարով հայտարարել է արտակարգ դրություն:

Սենատում փոքրամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը ողջունել է Կոնգրեսի ղեկավարների հետ Բայդընի վարչակազմի կողմից անցկացվող քննարկումները եւ նշել, որ Մյանմարը պիտի ընտրություն կատարի դեպի ժողովրդավարություն եւ դեպի կոռումպացված երկիր մնալու ճանապարհների միջեւ:

‘’Մյանմարի բանակի գեներալները պետք է ըմբռնեն, թե ինչ հետեւանքների առջեւ կարող են իրենք կանգնել’’, ‘’Ամերիկայի Ձայն’’-ին ասել է Մյանմարի հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը: Թոմ Էնդրուզի խոսքերով, ‘’Այս պատժամիջոցներն ուղղվելու են ընդդեմ գեներալների, որպեսզի նրանք հասկանան, թե ինչ գին ունեն իրենց գործողղությունները’’:

Մարդու իրավունքների պաշտպան խմբերը հայտարարում են, թե այն նույն գեներալները, որոնք շրջափակել են երկրի քաղաքացիական առաջնորդներին ու փորձում են լռեցնել ամեն մի այլախոհություն, պատասխանատու են նաեւ ռոհինգյաների ու այլ փոքրամասնությունների դեմ իրականացված նախկին վայրագությունների համար:

XS
SM
MD
LG