Մատչելի հղումներ

Փախստականները սպասում են ԱՄՆ-ի նախագահի որոշումներին


Այսօր Մեքսիկայի հետ սահմանին հազարավոր միգրանտ ընտանիքներ են սպասում իրենց ճակատագրին: Սպասում են արդեն մեկ տարի ու ավելի երկար, քանի որ Դոնալդ Թրամփի որոշման համաձայն ապաստան որոնող ավելի քան վաթսուն հազար անձինք, որոնք ԱՄՆ-ի սահմանին էին մոտեցել Կենտրոնական Ամերիկայի երկրներից, մնացել են Մեքսիկայում մինչեւ ԱՄՆ-ում իրենց կարգավիճակի մասին որոշում կայացվելը:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդընն ուրբաթ օրը ստորագրեց միգրանտ երեխաներին իրենց ծնողների հետ վերամիավորվելու մասին մի շարք հրամանագրեր, որոնք կտրուկ շրջադարձ են նրա նախորդի վարած քաղաքականությունից:

‘’Մենք պիտի հրաժարվենք նախորդ վարչակազմի ամոթալի գործողություններից, որոնց արդյունքում երեխաները բաժանվել են իրենց ընտանիքներից հենց մեր սահմանի վրա’’, ասել է Բայդընը:

Թրամփի վարչակազմի օրոք իրենց ծնողներից բաժանվել են առնվազն 5500 երեխաներ: Ավելի քան 600-ը դեռեւս չեն գտել ծնողներին: Ներգաղթի հարցերով վերլուծաբաններն ասում են, որ Բայդընի գործողությունները դրական քայլ են: ‘’Սակայն’’, ասում է նրանցից Սարահ Փիըրսը, ‘’Սա ավելի շատ ուղերձ է Բայդընի կողմից, քան գործողություն: Գործողությունները սկսվելու են ավելի ուշ, որոնց արդյունքում իրականացվելու են նշանակալի փոփոխություններ ԱՄՆ-ում ու երկրից դուրս գտնվող միգրանտների հարցում:

Հիշենք, որ Բայդընը ստորագրել է նաեւ գործադիր հրաման, որը Կոնգրեսի կողմից հաստատվելու դեպքում, այստեղ առանց փաստաթղթերի գտնվող մոտ տասնմեկ միլիոն անձինք կստանանան քաղաքացիություն ձեռք բերելու հնարավորություն:

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հպարտանում էր Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու իր ծրագրով ու պատի կառուցման ընթացքով: Բայդընն այժմ երկու ամսով կանգնեցրել է շինարարությունը եւ քննարկում է դրա հետ կապված հետագա անելիքները:

Ինչ վերաբերում է ներգաղթի ու սահմանային վերահսկողության համար պատասխանատու գործակալությանը` ներքին գործերի նախարարությանը, ապա հիշենք, որ Բայդընն այս պաշտոնում է նշանակել Ալեհանդրո Մոյարկասին, ում հրեա ծնողներն ԱՄՆ են տեղափոխվել Կուբայից:

XS
SM
MD
LG