Ալեքսեյ Նավալնիի դատական նիստի ժամանակ վերջինս կրկին մեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր դեմ մահափորձ կազմակերպելու, ինչպես նաև քրեական հետապնդում իրականացնելու մեջ:
Դատարանը լսում է այն մեղադրանքները, որոնց հաստատման դեպքում նրան կարող է սպառնալ երեք ու կես տարվա ազատազրկման մասին վճիռը:
Պուտինի ամենաակնառու քննադատ Նավալնիի դեմ նման դատավճիռը կարող է զարկ տալ անցկացվող բողոքի ցույցերին, որոնք այստեղ շարունակվում են արդեն երկու շաբաթ:
Նավալնիին հունվարի 17-ին էին ձերբակալել, երբ վերջինս Գերմանիայում բուժումներն ավարտելուց հետո վերադարձել էր Մոսկվա: Եվրոպայում մի շարք լաբորատորիաներ են հաստատել, որ նրան թունավորել են Նովիչոկ տիպի թույնով:
Դատարաններից մեկը վերջերս էր մերժել իր ձերբակալության դեմ Նավալնիի հայցը: Ռուսաստանի դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտարարել է, որ Նավալնին 2014 թվականին խախտել է փողերի լվացման հարցով իր դեմ հարուցված պայմանական պատժի պայմանները:
Երեքշաբթի օրվա դատական լսումների ժամանակ Նավալնին ասաց, որ իր դատավարության նպատակը մարդկանց վախի մեջ պահելն է: Իր դեմ ներկայացված մեղադրանքներն էլ նա բարդում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա:
‘’Ահա թե ինչպես է դա գործում. նրանք ազատազրկում են մեկ մարդու, որպես միլիոնավոր մարդկանց վախեցնելու միջոց’’, - ասել է Նավալնին:
Լսումների ընթացքում ընդդիմության առաջնորդը Պուտինին պիտակավորել է որպես ‘’Վլադիմիր` ներքնազգեստի թունավորող’’: Ըստ իր թունավորման վերաբերյալ Նավալնիի ուսումնասիրության` երկրի գլխավոր հետախուզական գործակալության կողմից տեղակայված ‘’հարվածային ջոկատը’’ փորձել է սպանել իրեն` ներքնազգեստի վրա տեղադրելով ‘’Նովիչոկ’’ նյարդային թույն:
Կրեմլը հերքում է իրեն թունավորելու Նավալնիի մեղադրանքները: