Մատչելի հղումներ

Բայդենը հայտարարում է միգրանտների ընտանիքների վերամիավորման աշխատանքային խումբ հիմնելու մասին


ԱՄՆ-ի վարչակազմը մի շարք նախաձեռնություններով է հանդես եկել` ներգաղթի համակարգը ավելի արդար և արդյունավետ դարձնելու նպատակով:

Նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը հայտարարել է Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-Մեքսիկա սահմանին բաժանված ընտանիքների վերամիավորման աշխատանքային խումբ ստեղծելու մասին:

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին էր ուրբաթ օրն ասել, որ աշխատանքային խումբը ղեկավարելու է Ալեհանդրո Մայորկասը, ում Բայդենն առաջադրել է Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնում: Այս պաշտոնում Մայորկասը Սենատի կողմից դեռեւս չի հաստատվել:

Ապօրինի ներգաղթը զսպելու Թրամփի ամենավիճահարույց նախաձեռնություններից մեկը մինչեւ երկիրն ապօրինի կերպով մուտք գործած անձանց դեմ քրեական գործերի հարուցումն ու հետաքննություն սկսելը,

միգրանտներին իրենց երեխաներից բաժանելու քաղաքականությունն էր: Ըստ Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միության (ACLU), առնվազն 5500 միգրանտ անչափահասներ են բաժանվել իրենց ծնողներից:

Ընտանիքների բաժանումը տեղի է ունեցել հիմնականում 2017-ին և 2018-ին, երբ ապօրինի կերպով ԱՄՆ մուտք գործած բոլոր անձանց այստեղ ենթարկում էին պատասխանատվության: Այսպես կոչված «զրոյական հանդուրժողականության» քաղաքականությունը պաշտոնապես հայտարարվել էր 2018-ի ապրիլին: Սակայն միջազգային հանրության բուռն արձագանքից հետո հունիս ամսին Թրամփը չեղյալ էր հայտարարել նախաձեռնությունը:

Այնուամենայնիվ, ներգաղթի հարցերով փաստաբաններն ու միգրանտների իրավունքների պաշտպանները ասում են, որ ընտանիքների բաժանումը սկսվել էր մինչեւ քաղաքականության պաշտոնական հայտարարումը և շարունակվել է այն բանից հետո, երբ Թրամփը հրահանգել էր ավարտել այն:

ԱՄՆ-ի շրջանային դատավոր Դանա Սեբրոուն, որը Կալիֆոռնիայի հարավային շրջանում ուսումնասիրում էր դատավարությունը, Թրամփի վարչակազմին հանձնարարել էր շուրջ 4000 երեխաների վերամիավորել իրենց ընտանիքների հետ: Սակայն հարյուրավոր ծնողներ, որոնց արտաքսել էին առանց իրենց երեխաների, թույլ չեն տվել վերադառնալ Միացյալ Նահանգներ:

Այս կանոնակարգից տուժած երեխաների մեծ մասն ի վերջո միավորվել են իրենց ծնողներին կամ ծնողների համաձայնությամբ տեղափոխվել են խնամակալ հաստատություններ: Այնուամենայնիվ 611 երեխաների ծնողներ դեռ չեն հայտնաբերվել:

Բայդընը խոստանում է ստեղծել աշխատանքային խումբ` մնացյալ բաժանված ընտանիքները վերամիավորելու համար:

Բայդընի վարչակազմը նախատեսում է նաև մշակել նոր ռազմավարություն` հարավային սահմանով անօրինական միգրացիայի խնդիրը լուծելու և ապաստարանների հումանիստ համակարգ ստեղծելու համար:

XS
SM
MD
LG