Մատչելի հղումներ

Ջո Բայդընն ուզում է, որ երկրում բնակվող անձինք չհամարվեն ‘’օտարերկրացիներ’’


Օտար երկրներում ծնված անձանց ԱՄՆ-ում գործող օրենքների համաձայն անվանում են ‘’օտարերկրացիներ’’: Սակայն այս եզրույթը քաղաքական ու ռասայական առումով այսօր վիրավորական է թվում, եւ նախագահ Ջո Բայդընը խնդրել է Կոնգրեսին այն փոխարինել ‘’ոչ քաղաքացի’’ բառով:

Սեիլա Սանտիագոն երկուսուկես տարեկան էր, երբ ծնողների հետ Մեքսիկայից տեղափոխվեց ԱՄՆ: Այսօր նա նրանցից մեկն է, որոնք ողջունում են Բայդընի այս առաջարկը: ‘’Ես հաճախ եմ նեղվում, երբ ինձ անվանում են ‘’օտարերկրացի’’ այն դեպքում, երբ ես համարվում են այս երկրի անդամ: Ես վճարում եմ հարկերը, օգնում եմ այս երկրի մարդկանց: Այնպես որ, այո, այդ բառից մեր դեպքում պետք է հրաժարվել’’:

Ի դեպ Կալիֆոռնիա նահանգում այդ եզրը աշխատանքային կոդից հանվել է դեռեւս 2015 թվականին: Այդ ուղղությամբ աշխատանք են տանում Նյու Յորքում: Նահանգային խորհրդի անդամ Ֆրանսիսկո Մոյայի խոսքերով, իրենց մոտ այդ կապակցությամբ խնդիրներ առաջ չեն եկել:

Սակայն երկրի պահպանողականների կողմից ուժեղ ընդդիմությունն առկա է:

Ներգաղթի հարցերով ուսումնասիրությունների կենտրոնի վերլուծաբան Էնդրու Արթուրն օրինակ ասում է, որ ինքն այդ բառի մեջ վիրավորական իմաստ չի տեսնում, եւ գտնում է, որ այդ բառը շատ ճիշտ է արտահայտում իմաստը:

Լորա Ռիսը, որը Դոնալդ Թրամփի օրոք աշխատել է ներքին գործերի նախարարությունում, այսօր ասում է. ‘’Յուրաքանչյուր ոք այս երկրում, որն ԱՄՆ-ի քաղաքացիություն չունի, օտարերկրացի է: Իսկ եթե նա այստեղ է ժամանել անօրինական եղանակով, ուրեմն անօրինական օտարերկրացի է’’:

Հարկ է նշել, որ բառը մեկ այլ բառով փոխարինելու հանգամանքը չի ազդելու ԱՄՆ-ի ներգաղթի օրենքների վրա: Սակայն այն կարող է մեկ անգամ եւս ազդարարել, որ ԱՄՆ-ն օտարազգիներ ընդունող երկիր է:

Ներգաղթի հարցերով փաստաբաններից շատերը, ինչպես նաեւ այստեղ գտնվող անձինք, ովքեր դեռեւս չեն ստացել քաղաքացիություն, հույս ունեն, որ եզրույթը փոխելուց հետո պետք է մտածել նաեւ օրենքերը փոփոխելու մասին, որպեսզի առանց իրենց կամքի ԱՄՆ անօրինական կարգով մուտք գործած անձինք ստանան այստեղ բնակվելու օրինական իրավունք:

Մարդը մարդկային իրավունքները ստանում է ի ծնե: ‘’Այնպես որ, մենք չեն ուզում լինել ‘’օտարերկրացիներ’’ այն երկրում, որը մենք համարում ենք մերը’’, ասում են այսօր օտարերկրացիներ համարվող ԱՄՆ-ի բնակիչները:

XS
SM
MD
LG