Մատչելի հղումներ

Պատվաստումների ֆինանսավորումը հաստատելու գործընթացը կարող է դանդաղել Թրամփի իմփիչմենթի պատճառով


ԱՄՆ-ում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը սկսել է գրանցել անկում: Կրճատվել է նաեւ հիվանդանոցներ տեղափոխվող անձանց թիվը: Սակայն միայն հունվար ամսին 90 հազար կյանքի կորուստը փոքր համարել չի կարելի: Այդ պատճառով մեծանում է ճնշումն ընդդեմ Կոնգրեսի, որպեսզի պատվաստանյութերի ձեռքբերման համար ավելի մեծ գումարներ հատկացվեն նահանգներին եւ փոխհատուցում ստանան սահմանափակումների պատճառով տուժած անձինք: Կոնգրեսն այս շաբաթվա ընթացքում քննարկելու է այդ նպատակների համար Բայդընի ներկայացրած 1 տրիլիոն 900 միլիարդ դոլարի փաթեթը:

Հիմա հարցն այն է, թե արդյոք հանրապետականները կողմ կլինեն այս փաթեթն ընդունելուն, թե ոչ:

‘’Համոզված եմ, որ հանրապետականները դեմ չեն չինի, սակայն այստեղ չեն լինելու ոչ ‘’բայցեր’’, ոչ էլ ‘’եթեներ’’, ասել է Ջո Բայդընը:

Մեծաթիվ հանրապետական կոնգրեսականներ են վիճարկում գումարի չափը: Նրանցից տասը սենատորներ նամակ են հղել Բայդընին, խնդրելով գնալ փոխզիջման ու հաստատել այդ գումարի մեկ երրորդի չափով հատկացումներ:

Սենատոր Բերնի Սանդերսը, որը շուտով կստանձնի Սենատում բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը, ասում է, որ եթե հանրապետականներն ուզում են աշխատել իրենց հետ, պետք է ներկայացնեն ավելի լավ ծրագիր: ‘’Սակայն մինչ այժմ ես նման ծրագիր չեմ տեսել’’, ասում է նա:

Այս հարցը շատերն են ուզում լուծել շատ արագ, սակայն ընթացքը կարող է ժամանակավորապես դադարեցվել, քանի որ փետրվարի 9-ին Սենատում սկսվելու է Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցով դատավարություն:

XS
SM
MD
LG