Ջո Բայդընը հունվարի 20-ին ստանձնեց ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը` երկրում միասնություն հաստատելու խոստումներով:
Իր կառավարման առաջին լիակատար շաբաթվա ընթացքում դեմոկրատ Բայդընը կասեցրեց հանրապետական իր նախորդի կողմից ընդունված քաղաքականության որոշ դրույթներ, որոնք հիմնականում վերաբերում են էներգիայի, արտաքին քաղաքականության ու ներգաղթի բնագավառներին:
Դրանք նախընտրական արշավի ժամանակ Բայդընի տրված խոստումներն էին: Իսկ նրա հանրապետական քննադատները, ինչպես օրինակ սենատոր Մարկո Ռուբիոն, ասում են, որ Բայդընը խոսում է որպես կենտրոնամետ գործիչ, սակայն գործում է որպես ծայրահեղ ձախ: ‘’Մենք չենք կարող առանց դժգոհություն արտահայտելու, այս ժամանակահատվածն անցկացնել որպես մեղրամիս’’, ասել է Ռուբիոն:
Փորձագետներից շատերն են ասում, որ Բայդընը ցույց է տալիս Թրամփի քաղաքականությունից կտրուկ շրջադարձ կատարելու քայլեր: Նրանցից Ջուլիա Ազարի խոսքերով, այս ճանապարհը Բայդընը չի կարող անցնել առանց խոչընդոտների:
Միասնության մասին Բայդընի կոչը ու կորոնավիրուսի համավարակի պայմաններում պաշտոնը ստանձնելուն պես իրականացվող քայլերը մեծաթիվ վերլուծաբաններ են նմանեցնում Բարաք Օբամայի վարվելաձեւին, որը պաշտոնը ստանձնել էր ֆինանսական ճգնաժամի պայմաններում:
Վերլուծաբան Նիքոլաս Բիուչամփի խոսքերով, Օբամային այն ժամանակ այնքան էլ չհաջողվեց մերձեցնել աջերին ու ձախերին: ‘’Իսկ հասարակության այսօրվա մասնատվածության պայմաններում դժվար թե դա հաջողվի անել Բայդընին’’, ասում է նա ու եզրակացնում, որ երկու կողմերը շարունակելու են ամեն հարցի շուրջ պայքարելու քաղաքականությունը: ‘’Եվ պարտադիր էլ չէ, որ նրանք բոլոր հարցերում լինեն համամիտ’’:
Հանրապետականները կարող են մեղադրել Բայդենին իր նախորդի ժառանգությունը չեղյալ հայտարարելու մեջ, այնպես, ինչպես դեմոկրատներն էին անում` չորս տարի առաջ Թրամփին մեղադրելով:
Մեկը մյուսի ժառանգությունը չեղարկելու հանգամանքն է ամենամտահոգիչը, ասում են փորձագետները: