Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը կատարում է ռասայական արդարությունը վերականգնելու մասին տրված խոստումը


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդընը երեքշաբթի օրը ստորագրեց ‘’բոլոր ամերիկացիների համար ռասայական հավասարույունը երաշխավորելու’’ մասին նախագահական գործադիր մի շարք հրամանագրեր:

Ռասայական արդարության շուրջ խնդիրներ ԱՄՆ-ում առաջ եկան հատկապես այն բանից հետո, երբ մայիս ամսին ոստիկաններից մեկի ծնկի ճնշման տակ մահացավ Ջորջ Ֆլոյդ անունով սեւամորթ մի ամերիկացի:

Ինչպես նախագահ Բայդընն է ասում, ‘’Դա արդարության պարանոցին դրված ծունկն էր, որի մասին մենք երբեք չենք մոռանալու: Եվ այն դարձավ արդարության հարցում բեկումնային պահ այս երկրում’’:

Բայդընի ստորագրած չորս գործադիր հրամանագրերը, ըստ Սպիտակ տան հայտարարության, ‘’զարկ կտան Ամերիկայում հավասարության սկզբունքին’’:

Բայդընի որոշումները փոփոխության են ենթարկում Թրամփի վարչակազմի քաղաքականությունը: Բայդընը հրահանգում է, որ ամերիկյան հաստատությունները խստացնեն խտրականության դեմ օրենքները եւ որ արդարադատության նախարարությունը հրաժարվի մասնավոր բանտերից, որտեղ, ըստ ակտիվիստների, մեծապես են իրականացվում խտրական մոտեցումներ: Ասենք, որ չնայած անցած տարիների ընթացքում ազատազրկված սեւամորթների թվի անկման փաստին, բանտերում նրանց թիվը հնգապատիկ անգամ մեծ է սպիտակամորթների թվից:

Բայդընը նաեւ առաջարկում է, որ երկրի կառավարությունն ավելի սերտորեն քննարկումներ անցկացնի երկրի 574 հնդկացիական ցեղերի հետ: Նա ուզում է պայքարել ասիացի ամերիկացիների ոււ խաղաղօվկիանոսյան երկրներից այստեղ հաստատված ամերիկացիների նկատմամբ առկա խտրականության դեմ, ինչն ավելի ցայտուն է դարձել կորոնավիրուսի համավարակի տարածման ժամանակներից: Ասիացիներից շատերն են ասում, որ ասիական արտաքինով մարդկանց այստեղ շատ հաճախ են դիտում որպես վիրուսակիր:

Բայդընն իր ընտրության ժամանակ ստացավ ռասայական հավասարության կողմնակից ամերիկացիների աջակցությունը եւ այժմ կատարում է նրանց տրված խոստումները:

2020 թվականի ընտրությունների ժամանակ քվեարկողների 11 տոկոսը սեւամորթներն էին, որոնց ավելի քան 90 տոկոսը քվեարկել էր հօգուտ Բայդընի:

XS
SM
MD
LG