Մատչելի հղումներ

ԱՄՆ խստորեն դատապարտում է Նավալնիին աջակցող ցույցի մասնակիցների ու լրագրողների նկատմամբ բռնությունը


Սույն թվականի հունվարի 23-ին ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսը տարածել է պետքարտուղարության մամլո հաղորդագրությունը, ուր ներկայացված է Ռուսաստանում Ալեքսեյ Նավալնիի ձերբակալման ու դրան հաջորդած բողոքի ցույցերի ու ձերբակալությունների մասին ԱՄՆ արտաքին գերատեսչության դիրքորոշումը

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

՛՛Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում են ցուցարարների և լրագրողների նկատմամբ կոշտ մարտավարության կիրառումն այս հանգստյան օրերին Ռուսաստանի ողջ տարածքում: Այսօրվա իրադարձություններից առաջ Ռուսաստանի կառավարությունը փորձում էր ճնշել խաղաղ հավաքների իրավունքներն ու խոսքի ազատությունը` բռնաճնշումներ կիրառելով բողոքի ցույցերի կազմակերպիչների նկատմամբ, սպառնալով սոցիալական մամուլի հարթակներին և կանխարգելիչ ձերբակալելով հավանական մասնակիցներին: Այս ամենը ուղեկցվում է քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների և քաղաքական ընդդիմության նկատմամբ տարիներ ի վեր կիրառվող սահմանափակումների խստացմամբ և բռնաճնշումներով:

Ռուսաստանցիների խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքները ճնշելու շարունակական ջանքերը, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալումը և դրան հաջորդած բողոքների ճնշումը անհանգստացնող ազդակներ են քաղաքացիական հասարակության և հիմնարար ազատությունների հետագա սահմանափակումների վերաբերյալ: Խաղաղ հավաքների և ազատ և արդար ընտրություններին մասնակցելու ռուսաստանցիների իրավունքներն ամրագրված են ոչ միայն երկրի սահմանադրության, այլ նաև Ռուսաստանի ԵԱՀԿ պարտավորությունների, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի ներքո ստանձնած միջազգային պարտավորությունների մեջ:

Մենք կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են իրենց համընդհանուր իրավունքներն իրականացնելու համար, ինչպես նաև անհապաղ և անվերապահորեն ազատել Ալեքսեյ Նավալնիին: Մենք հորդորում ենք Ռուսաստանին լիովին համագործակցել Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ կապված միջազգային հանրության հետաքննության հետ և հավաստի կերպով բացատրել իր տարածքում քիմիական զենքի օգտագործումը:

ԱՄՆ-ը ուս ուսի կանգնած է մեր դաշնակիցների և գործընկերների հետ` պաշտպանելով մարդու իրավունքները թե՛ Ռուսաստանում, թե՛ այլուր, ուր կվտանգվեն մարդու իրավուքները:

Facebook Forum

XS
SM
MD
LG