Մատչելի հղումներ

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում ազատ արձակել Նավալնիին


Կոչին միացել են կոնգրեսականներ երկու կուսակցություններից

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի, Եվրասիայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի հարցերով ենթակոմիտեի անդամները կոչով դիմել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին:

Կոչում, մասնավորապես, ասված է, որ Ալեքսեյ Նավալնին կալանավորվել է «կասկածելի մեղադրանքների» հիման վրա: Կոնգրեսականները նաև կոչ են անում ազատ արձակել «բոլոր լրագրողներին և քաղաքացիներին», ովքեր ձերբակալվել են այս ընթացքում, ներառյալ նրանց, ովքեր եկել էին օդանավակայան՝ դիմավորելու ընդդիմադիրն առաջնորդին:

«Մենք խորապես մտահոգված ենք վերջին իրադարձություններով, Ռուսաստանի Դաշնության համակարգված գործողություններով (...)՝ ճնշելու համար Ռուսաստանում խոսքի ազատությունը, քաղաքացիական հասարակությունը, անկախ ձայները և հեռանկարները: Միացյալ Նահանգների Կոնգրեսը սատարում է ռուսաստանցիներին (...), ովքեր ցանկանում են, որ կառավարությունը սպասարկի իրենց շահերը առանց կոռուպցիայի և հետապնդումների: Մենք կշարունակենք ուսումնասիրել բոլոր դիվանագիտական և պատժիչ միջոցները կիրառելու հնարավորությունը ՝ ի պատասխան պարոն Նավալնիի և նրա կողմնակիցների դեմ ուղղված այս սաստիկ գործողությունների»,- ասված է կոնգրեսականների կոչում:

Կոչի հեղինակները նախազգուշացնում են. «Եթե պարոն Նավալնին կամ նրա ձերբակալության համար կալանավորված լրագրողներից և քաղաքացիներից որևէ մեկը դառնա ֆիզիկական բռնության զոհ, մենք անմիջապես կսկսենք աշխատել նախագահ Բայդենի և նրա վարչակազմի հետ, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը պատասխանատվություն կրի մարդու իրավունքների՝ նման կոպիտ և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված խախտումների համար»:

Facebook Forum

XS
SM
MD
LG