Մատչելի հղումներ

Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բերման են ենթարկում Նավալնիին ազատելու պահանջով ցուցարարներին


Բերման ենթարկվածների թվում են «Մեդուզա», «Կոմերսանտ» եւ «Մեդիազոնա» լրատվամիջոցների թղթակիցներ ու լրագրողներ

Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում իրավապահները շարունակում են բերման ենթարկել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի ազատ արձակումը պահանջող ցուցարարներին: Նավալնին ձերբակալվել է Գերմանիայից Ռուսաստան վերադառնալուց հետո:

«ОВД-Инфо»-ի փոխանցմամբ ՝ Մոսկվայում արդեն 300 ցուցարար է բերման ենթարկվել: Հաղորդվում է, որ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և հատուկ ջոկատայինների միջև, արձանագրվել են նաև ցուցարարներին ու լրագրողներին ծեծի ենթարկելու դեպքեր: «Նովայա գազետա» -ի թղթակից Լիզա Կիրպանովային իրավապահները վայր էին նետել մի քանի այլ ցուցարարների հետ և ծեծի ենթարկել: Ոստիկանության և Ռոսգվարդիայի աշխատակիցները կոտրել են ֆոտոլրագրողի տեսախցիկը:

«Մեդուզա»-ն հայտնում է, որ Պուշկինի անվան հրապարակում տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակիցը հարվածել է թերթի թղթակից Քրիստինա Սաֆոնովային: Ըստ Սաֆոնովայի, հատուկջոկատայինը սկսել է ծեծել նրան՝ բողոքի ցույցը լուսաբանելու համար:

Ցուցարարները սկզբում հավաքվել էին քաղաքի կենտրոնում գտնվող Պուշկինի հրապարակում, բայց հետո շատերը շարժվեցին դեպի Կրեմլի մոտակայքում գտնվող Մանեժնայա հրապարակ, որը արգելափակված է ոստիկանության կողմից:

Բերման ենթարկվածների թվում էր «Դոժդ» հեռուստաընկերության թղթակից Ալեքսեյ Կորոստելովը: Ոստիկանության աշխատակիցները ներխուժել էին Պուշկինի հրապարակում գտնվող մի բնակարան, որտեղից հեռուստաընկերությունը իրականացնում էր հեռարձակումը: Բերման են ենթարկվել նաև Հակակոռուպցիոն հիմնադրամի փաստաբան Լյուբով Սոբոլը և Ալեքսեյ Նավալնիի կինը ՝ Յուլիան:

Քաղաքում զանգվածային ակցիայի մասնակիցների թիվը տատանվում է, ըստ ՆԳՆ-ի տվյալների, չորս հազարից մինչև 20 հազար:

Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է ավելի քան 160 մարդ, այդ թվում ՝ «Մեդիազոնա» -ի թղթակից Դավիթ Ֆրենկելը, «Մեդուզա» -ի թղթակից Ալեքսանդր Սիվցովը, ինչպես նաև Օլեգ Դելիմբետովն ու Մարինա Ցարյովան Սանկտ Պետերբուրգի «Կոմերսանտի» խմբագրությունից: Լրագրողները կրում էին տարբերանշաններով մամուլի ժիլետներ: Այս մասին հայտնում է Север.Реалии- ի խմբագրությունը, որը հեռարձակում է Սանկտ Պետերբուրգում ընթացող հանրահավաքը:

Բողոքի ակցիաներ են տեղի ունենում Ռուսաստանի այլ քաղաքներում ևս: Այնտեղ գրանցվում են բախումներ ոստիկանության հետ, որոնք ուղեկցվում են զանգվածային ձերբակալություններով:

Ավելի վաղ ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումներ էր իրականացրել՝ բերման ենթարկելով ընդդիմության ակտիվիստներին և Նավալնիի կողմնակիցներին ՌԴ-ի տարբեր շրջաններում: Սոցիալական ցանցերը արգելափակում են որոշ հաղորդագրություններ ՝ հանրահավաքների անցկացման վայրերի մասին: Իշխանությունները նախազգուշացնում են՝ չարտոնված հավաքներին մասնակցելու պատասխանատվության մասին:

Facebook Forum

XS
SM
MD
LG