Ջո Բայդընն ԱՄՆ-ի նախագահի պարտականությունները ստանձնեց այն ժամանակ, երբ երկրում տարածված են հիվանդությունը, թունոտ մթնոլորտը ու մասնատվածությունը: Հիշենք, որ ընտրությունների արդյունքը հայտարարելու համար չորս օր էր պահանջվել: Դրանից հետո էր, որ Դոնալդ Թրամփը շարունակեց հարցականի տակ դնել ընտրությունների արդյունքը, ինչը հանգեցրեց Կապիտոլիումի դեմ գրոհին: Հենց այդ նույն տեղում երկու շաբաթ անց Բայդընը տվեց նախագահական երդում:
‘’Ոգին վերականգնելու եւ Ամերիկայի ապագան ապահովելու համար միայն խոսքերը բավարար չեն: Դրա համար պահանջվում է միասնություն’’, այստեղ հայտարարեց Բայդընը: Եվ ինչպես ամերիկացիներն են ասում, Բայդընն այս ճանապարհին շատ բան ունի անելու:
Նախագահությունը ստանձնելու նույն օրը Բայդընը ստորագրեց գործադիր մի շարք հրահանգներ, որոնք չեղարկում են իր նախորդի կողմից ընդունված որոշումները: Դրանցից մեկը վերաբերում է Փարիզի կլիմայի հարցերով պայմանագրին ԱՄՆ-ի կողմից նորից անդամակցությանը:
Նա ներգաղթի հարցով առաջարկ ուղարկեց Կոնգրես, որն, ընդունվելու դեպքում, դեպի քաղաքացիություն ուղի կհարթի այստեղ անօրինական եղանակով հայտնված 11 միլիոն անձանց համար: Խոստացավ նաեւ, որ իր կառավարման առաջին հարյուր օրերի ընթացքում հարյուր միլիոն ամերիկացիներ կստանան կորոնավիրուսի դեմ պատվաստումներ:
Բայդընն իր քաղաքական գործունեության հենց սկզբում, երբ դեռ մեկ ամիս էր անցել առաջին անգամ սենատոր ընտրվելուց ի վեր, 1972 թվականին ավտովթարի պատճառով կորցրեց կնոջն ու մանկահասակ դստերը: Վթարի արդյունքում վիրավորվեցին նրա երկու որդիները: Եվ նրանց հետ միշտ լինելու նպատակով Բայդընն ամեն օր մեկ ու կես ժամ գնացքով Դելավեր նահանգից մեկնում էր Վաշինգտոն, ապա մեկ ու կես ժամ ճանապարհ անցնելով, հասնում որդիներին:
Իր նահանգում Բայդընը վայելել է մեծ հարգանք: Եվ երբ եկավ նահանգին հրաժեշտ տալու պահը նախագահի պարտականությունները ստանձնելով, նա հանդես եկավ զգայացունց խոսքերով` հուզելով շատերին:
Դժբախտությունների շարքը Բայդընի ընտանիքում շարունակվեց նաեւ 2015 թվականին, երբ ուղեղի քաղցկեղի զոհ դարձավ նրա որդիներից Բյուն: Բայդընն այժմ ունի մեկ որդի եւ մեկ դուստր, որը ծնվել է 1981 թվականին:
Վիլմինգթոն քաղաքում, որտեղ ապրում էր Բայդընների ընտանիքը, մարդիկ նրան անվանում են իրենց ‘’քաղաքի տղա’’, որը շատ է սիրում այստեղ շրջել 1967 թվականի արտադրության ‘’Քորվեթ’’ մակնիշի փոխարկելի ավտոմեքենայով:
Այժմ, 78 տարեկանում դառնալով ընտրության պահին ամենատարեց նախագահը, Բայդընը սկսում է իր գործունեության ամենադժվար ընթացքը: Իսկ որեւէ երկրում ամենադժվար կառավարումն այն ժամանակահատվածն է, երբ տիրում է մասնատվածություն: