Ջո Բայդընն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնեց չորեքշաբթի օրն անցկացված երդմնակալության արարողությամբ, երբ Կապիտոլիումի շենքը գտնվում էր ուժեղ վերահսկողության ներքո: Չէ որ Թրամփի կողմնակից ապստամբ խումբը երկու շաբաթ առաջ էր մուտք գործել Կոնգրեսի շենք:
Այդ պատճառով էլ երդման արարողության օրն այստեղ չկային մարդկանց մեծ խմբեր: Այստեղ եկած մարդիկ ասում էին, որ Բայդընի առջեւ է կանգնած երկրում տարբեր բնագավառներում ‘’կուտակված աղբը’’ մաքրելու խնդիր: Չնայած Բայդընը խոստացել է իր պաշտոնավարման առաջին հարյուր օրերի ընթացքում ապահովել կովիդի դեմ հարյուր միլիոն պատվաստանյութ, անցորդներից Թերեզա Ադինգթոնը չի կարծում, որ Բայդընին կհաջողվի կատտարել իր տված բոլոր խոստումները: ‘’Սակայն վստահ եմ, որ նա փորձելու է անել’’, ասում է նա:
Նոր նախագահը խոստանում է նաեւ 1 տրիլիոն 900 միլիարդ դոլար որպես տնտեսությանը զարկ տալու հատկացումներ: Ինչ վերաբերում է ներգաղթին, ապա նախագահ Բայդընը Կոնգրես է ուղարկել այստեղ առանց փաստաթղթերի գտնվող 11 միլիոն ներգաղթյալների համար մինչեւ քաղաքացիություն ստանալը ութ տարվա ժամկետի մասին օրենքի նախագիծ:
Երդմնակալության օրը Վաշինգտոն ժամանած անձանցից Ջիմի Օրիթսն ասում է, թե մարդիկ, որոնք այսօր հավաքում են բերքը, աշխատում շինարարության վրա, պետք է իրավունք ունենան այս երկրի կառուցմանը մասնակցել այնպես, ինչպես դա անում են այստեղ գալու առաջին օրվանից:
‘’Մեր երկրագունդը մեզ է հղում կործանումից իրեն փրկելու ճիչ’’: Այսպես է համաշխարհային ջերմացման մասին արտահայտվում Ջո Բայդընը: Եվ ինչպես ներկաներից Քորթնի Թոմասն է ասում, հարկավոր է պաշտպանել Կլիմայական փոփոխությունների դեմ Փարիզի համաձայնագրին միանալու Բայդընի ջանքերը:
Ինչ վերաբերում է Թրամփի աջակիցներին, ապա նրանցից Ռոյ Ուենդելի խոսքերով, ‘’Տեսնելով զինվորական համազգեստներով այս մեծաթիվ խմբերին, տեսնելով զենքերն ու ցանկապատերը, թվում է, թե այլ մի երկրում ենք’’:
‘’Սա այն Ամերիկան չէ, որտեղ մենք պիտի ապրեինք’’, ասում է նա:
Այնպես որ, սկսվում է Բայդընի ամենամեծ մարտահրավերը: Իսկ դա հակասություններով լի երկիրը նորից միավորելու խնդիրն է: