Մատչելի հղումներ

Թուրքիան բազմաթիվ հարցերում չի գործում որպես դաշնակից. Բլինքեն


ԱՄՆ նախագահ Բայդընի պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը հանդես է եկել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև, ուր կարևորել է ԱՄՆ-ի դիրքերի վերականգնումն աշխարհում: Նա անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցան ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենի նշանակման հետ կապված լսումները: Վերջինս ներկայացրեց արտերկրում ամերիկյան դիրքերի ուժեղացման իր տեսլականը՝ ընդգծելով, որ ամերիկյան դիվանագիտությունն իր ղեկավարման ներքո կգործի վստահ՝ համոզված լինելով, որ Ամերիկան շարունակում է ամենամեծ ներուժն ունենալ՝ ցանկացած այլ երկրի հետ համեմատած:

Պետքարտուղարի թեկնածուին ուղղված բազմաթիվ հարցերի շարքում էին նաև ԱՄՆ-Թուրքիա հարաբերություներին առնչվող հարցեր: ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը, ով շուտով կստանձնի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը, հետաքրքվեց պետքարտուղարի թեկնածու Բլինքենից, թե ինչպես է նոր վարչակազմը պատրաստվում արձագանքել Թուրքիայի քայլերին։ Ըստ Մենենդեսի՝ Անկարան իրականացնում է ապակայունացնող քաղաքականություն Սիրիայից մինչև Լեռնային Ղարաբաղ, իսկ երկրում շարունակվում են բռնաճնշումները լրագրողների և իրավապաշտպանների դեմ, որոնք ենթարկվում են քրեական հետապնդումների։ Սենատորը քննադատեց հեռացող վարչակազմի քաղաքականությունը Թուրքիայի հարցում և հիշեցրեց Թուրքիայի նախագահ Էրդողանի ագրեսիվ կեցվածքն ու բացահայտ աջակցությունն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում: Նա նաև իր մտահոգությունները փոխանցեց Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։

Ըստ Էնթոնի Բլինքենի՝ նոր վարչակազմը շատ հստակ տեսնում է, որ դաշնակից համարվող Թուրքիան բազմաթիվ հարցերում չի գործում այնպես, ինչպես պետք է գործի դաշնակիցը։

«Սա շատ լուրջ մարտահրավեր է մեզ համար, և մենք շատ հստակ գիտակցում ենք այդ ամենը», - հավաստիացրել է նա։

Մեկ այլ առիթով էլ լսումների ընթացքում Բլինքենը նշել է, որ անընդունելի է, երբ ռազմավարական կամ այսպես կոչված ռազմավարական դաշնակիցը համագործակցում է ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարական մրցակից Ռուսաստանի հետ։ Նա հավաստիացրել է, որ Վաշինգտոնը կուսումնասիրի Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները և կորոշի, թե արդյոք կա նոր պատժամիջոցների սահմանման անհրաժեշտություն:

Այլ արտաքին քաղաքական հարցերի մասին խոսելիս` Բլինքենն ընդգծեց, որ որոշ հարցերում ընդհանուր եզրեր է տեսնում Թրամփի վարչակազմի վարած քաղաքականության հետ:

Բլինքենը հավատացած է, որ նախագահ Թրամփը ճիշտ է վարվել, երբ ավելի կոշտ մոտեցումներ է որդեգրել Չինաստանի հանդեպ, սակայն նա համաձայն չէ մի շարք ոլորտներում Թրամփի ընտրած ուղիների հետ: Չնայած դրան՝ պետքարտուղարի թեկնածուն վստահ է, որ այդ ամենն օգտակար է եղել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համար:

Իր հերթին հանրապետական սենատոր Ռոն Ջոնսոնը կարծիք է հայտնել, որ նախագահ Թրամփը բացել է բոլորի աչքերը Չինաստանի չարամիտ մտադրությունների հարցում:

Վերլուծաբանները ողջունեցին հանրապետական և դեմոկրատ սենատորների լսումների ընթացքում կառուցողական, բովանդակային և հիմնականում ոչ մրցակցային հռետորաբանությունը: Նրանք ընդգծել են արտաքին քաղաքականության հարցերում կառուցողական երկխոսության հաստատման կարևրությունը, որի արդյուքում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը կդառնա ավելի քիչ քաոսային ու ավելի շատ կանխատեսելի: Այս համատեքստում Էնթոնի Բլինքենի փորձառությունը արտաքին քաղաքականության ոլորտում կարևոր դեր է խաղում:

Բլինքենը քաղաքական երկու ճամբարներում էլ ունի դրական համբավ, ուստի իր առաջադրման հարցում չի հանդիպել կուսակցական մեծ դիմադրությանը: Մի խումբ նախկին արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության ոլորտի հանրապետական պաշտոնյաներ, ովքեր չեն աջակցել Բայդընին ընտրությունների ժամանակ, կոչ են արել հանձնաժողովի հանրապետական նախագահին արագ հաստատել Բլինքենի թեկնածությունը:

Սենատորներից շատերը, կարծես, համաձայն էին Բլինքենի արտաքին քաղաքական հարուստ փորձառության մտքին:

«Էնթոնի Բլինքենը, իմ կարծիքով, փորձառու և ընդունակ անհատ է, որը խորը գիտելիքներ ունի մեր առջև ծառացած շատ հարցերի վերաբերյալ: Եվ ուրեմն ես հուսով եմ և ակնկալում եմ, որ նա կհաստատվի երկկուսակցական քվեարկության ժամանակ ՝ առանց շատ ուշացման »,- ասում է Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի վերլուծաբան Բրեդլի Բուոմանը:

Որոշ սենատորներ հույս հայտնեցին, որ Բլինքենի թեկնածությունը արագորեն կդրվի Սենատի լիարժեք նիստի քվեարկությանը՝ նրան շուտափույթ կերպով հաստատելու համար, քանի որ Միացյալ Նահանգների առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ, ներառյալ Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի հետ կապված խնդիրները:

Facebook Forum

XS
SM
MD
LG