Մատչելի հղումներ

Փորձագետների արձագանքը Նավալնիի ձերբակալության մասին


Միջազգային հանրությունը պետք է պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի Դաշնության նախագահի նկատմամբ

Երկուշաբթի օրը հունվարի 18-ին Խիմկիի քաղաքային դատարանի դատավորը Ալեքսեյ Նավալնիին կալանավորեց 30 օրով ՝ Ռուսաստան ժամանելուց 24 ժամ չանցած: Դատականնիստը հապճեպ անցկացվեց ոստիկանության բաժանմունքում, որտեղ նրան բերման էին ենթարկել Գերմանիայից վերադառնալուն պես Մոսկվայի «Շերեմետևո»-ի օդանավակայանից:

Արևմտյան պետությունները և ՄԱԿ-ը Ռուսաստանին կոչ արեցին անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր քաղաքական գործչին: Նավալնիին անմիջապես ազատ արձակելու պահանջով դիմել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն` նշելով, որ նրա կալանավորումը Նավալնիին և այլ ընդդիմադիր գործիչներին լռեցնելու փորձ է: Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նորընտիր նախագահ Ջո Բայդընի առաջադրած Ջեյք Սալիվանն իր հերթին ասել է, որ «Կրեմլի հարձակումները Նավալնիի վրա ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարում են, այլև վիրավորանք այն ռուսներին, ովքեր ցանկանում են իրենց ձայնը լսելի դարձնել»:

ԱՄՆ մի շարք օրենսդիրներ նույնպես պահանջել են ազատ արձակել ռուս ընդդիմադիր քաղաքական գործչին: Սենատոր Բերնի Սանդերսը շեշտել է, որ Միացյալ Նահանգները պետք է աջակցի նրանց, ովքեր պայքարում են կոռուպցիայի դեմ և աշխատում են ժողովրդավարության համար ամբողջ աշխարհում, իսկ սենատոր Քրիս վան Հոլլենը համագործակցության հույս հայտնեց Բայդընի վարչակազմի հետ մարդու իրավունքների և ժողովրդավարական իրավունքների խախտումների դեմ պայքարում, ներառյալ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալման կապակցությամբ:

Ամերիկայի ձայնի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ամերիկացի փորձագետներն ու օրենսդիրները նշում են, որ Ալեքսեյ Նավալնիի վերադարձը համարձակ քայլ էր, բայց դա թելադրված էր նաև ռուսաստանցիների շրջանում ընդդիմադիր գործչին ցուցաբերած աջակցությամբ: Այնուամենայնիվ, փորձագետները մտավախություն ունեն, որ Կրեմլը կարող է դիմել ծայրահեղ ցինիկ գործողությունների, քանի որ լրջորեն վախենում է Նավալնիի ազդեցությունից, հատկապես Դումայի առաջիկա ընտրությունների համատեքստում: Դատավարությունն ինքնին ոչ այլ ինչ է, քան խաբեություն, և միջազգային հանրության կողմից Ռուսաստանի իշխանությունների վրա ճնշումը պետք է ավելանա:

Դեյվիդ Քրամերի խոսքերով, Ռուսական դատավարությունը վերածվել է կրկեսի: Ջորջ Բուշի վարչակազմում ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության և մարդու իրավունքների գծով նախկին տեղակալը, իսկ այժմ Ֆլորիդայի միջազգային համալսարանի աշխատակից Քրամերը կարծում է, որ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալումը կարևոր իրադարձություն է, և միջազգային հանրությունը պետք է լրջորեն մտածի պատժամիջոցներ կիրառելու մասին ոչ միայն Ռուսաստանի կառավարության կամ Կրեմլի մոտ կանգնած էլիտայի պաշտոնատար անձանց, այլ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի դեմ:

«Ժամանակն է, որ Պուտինն ինքը զգա պատժամիջոցների ճնշումը և հասկանա, որ իր գործողությունները կունենան հետևանքներ: Իհարկե, պետք է արագորեն կիրառվեն նոր պատժամիջոցներ, որը մի փոքր դժվար կլինի, օրինակ Միացյալ Նահանգների դեպքում, հաշվի առնելով, որ երկու օրից մենք կունենանք նոր նախագահ: Բայց ԵՄ-ը չպետք է ժամանակ կորցնի, և պատժամիջոցները պետք է ուղղված լինեն հենց վերևներին», - ասել է նա:

Փորձագետը ռուս ընդդիմադիրի ձերբակալությունը անվանում է «Ռուսաստանի պաշտոնատար անձանց կողմից իշխանության զզվելի չարաշահում», իսկ դատավարությունն՝ ինքնին ֆարս. «Նավալնին արդեն իսկ բավական փորձ է ունեցել: Նրան թունավորել էին Պուտինի գործակալները: Եվ այդուհանդերձ, մենք տեսնում ենք, որ նրան բերման են ենթարկում և, գուցե, ոչ միայն վտանգում են նրա առողջությունը ՝ հաշվի առնելով Ռուսաստանում համաճարակի իրավիճակը, այլ նաև ռուսական դատավարությունն ամբողջովին վերածում կրկեսի»,-ասում է նա:

Քրամերը նաև մտահոգություն է հայտնում, որ Ալեքսեյ Նավալնիի դիրքը, հատկապես Պետդումայի սեպտեմբերյան ընտրությունների համատեքստում, շարունակում է մնալ շատ բարդ. «Նրանք ցանկանում են Նավալնին հնարավորինս հեռու պահել ռուսական քաղաքականությունից: Նրանք այնքան են վախենում նրանից, որ Պեսկովն ու Պուտինը նույնիսկ չեն նշում նրա անունը: Եվ հիմա, երբ նա այլևս Բեռլինի հիվանդը չէ, հետաքրքիր է՝ ինչպե՞ս են նրան անվանելու»:

«Այս ռեժիմը վախենում է իր ստվերից և, իհարկե, վախենում է Նավալնիից, ցանկացած քննադատությունից և ընդդիմությունից: Նա ամեն ինչ կանի, որպեսզի Նավալնիին լռեցնի, և հուսով եմ, որ դա կհանդիպի [հասարակության] ուժեղ հակադրությանը: Ինչ էլ որ մտածեք Նավալնիի քաղաքականության մասին, անկախ նրանից դուք սատարում եք նրան, թե ոչ, եթե դուք ռուս եք, ապա պետք է հիանաք նրա խիզախությամբ և նրա քաջությամբ», - ավելացրեց Քրամերը:

Մարկ Սիմակովսկին իր հերթին ընդգուծմ է, որ անհրաժեշտ է քննադատել Ռուսաստանի իշխանությունների գործողությունները: Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդի փորձագետ Սիմակովսկին, որը նախկինում մի շարք ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում ԱՄՆ Պաշտպանության նախարարությունում, նշում է, որ Ալեքսեյ Նավալնիի վերադարձը կարող է լինել նախանշված քաղաքական քայլ:

«Նավալնին կայացրեց խիզախ և դժվար որոշում ՝ այդքան արագ վերադառնալ Ռուսաստան թունավորվելուց և Գերմանիայում բուժվելուց հետո: Կարծում եմ, որ նա չէր կասկածում, որ նրան կձերբակալեն երկիր ժամանելուն պես: Այնպես որ, ինչ-որ իմաստով սա այն էր, ինչին նա պատրաստ էր և, միգուցե, նախատեսում էր », - շեշտում է Ատլանտյան խորհրդի փորձագետը: - Նա, իհարկե, ուզում էր վերադառնալ տուն, բայց սա պետք է դիտարկել նաև քաղաքական տեսանկյունից: Ինձ թվում է, որ նրա վերադարձը Ռուսաստան հաշվարկված է ոչ միայն քաղաքական հավակնությունների առումով՝ նրա աջակցությունը մեծացնելու համար, այլ նաև Կրեմլի աճող ավտորիտարիզմը խաթարելու համար »:

«Այժմ պետք է քննադատել Ռուսաստանի իշխանությունների գործողությունները», - ավելացնում է Սիմակովսկին` շեշտելով, որ Նավալնիի թունավորումը պետք է հետաքննեն ամերիկյան իշխանությունները, և ԱՄՆ-ից պետք է շարունակվի Ռուսաստանում ժողովրդավարության և խոսքի ազատության աջակցությունը: «Ես ողջունում եմ պետքարտուղար Պոմպեոյի կոշտ հայտարարությունը, չնայած, եթե անկեղծ լինեմ, ԱՄՆ վարչակազմը պետք է ավելի կոշտ դիրքորոշում ունենար, երբ Նավալնին թունավորվեց»:

Հադսոնի ինստիտուտի ավագ փորձագետ Դեյվիդ Սաթերը գտնում է, որ Ռուսաստանի իշխանությունները դեռ վերջնական որոշում չեն կայացրել, թե ինչպես վարվել Ալեքսեյ Նավալնիի հետ: Սակայն, ամենայն հավանականությամբ, Կրեմլը, որը ակնհայտորեն վախենում է ընդդիմության առաջնորդից, կգործի բացարձակապես անթույլատրելիորեն, կարծում է փորձագետը:

«Նրանք, իհարկե, մտածում են, թե ինչպես լավագույնս չեզոքացնել նրան: Եվ նրանք այնքան հարգանքի պակաս ունեն ռուս ժողովրդի հանդեպ, որ պատրաստ են գործել հնարավորինս շիտակ, նույնիսկ չթաքցնելով իրենց մտադրությունները: Ռուսաստանի ներսում ցանկացած օբյեկտիվ դիտորդ հասկանում է, որ նրանք վախենում են Նավալնիից, որ ուզում են նրան լռեցնել, և նրանց բոլորովին չի հետաքրքրում, թե ինչ միջոցներով է դա տեղի ունենում: Նրանց համար գլխավորը նպատակին հասնելն է, և երկրորդական է, թե ինչպես են նրանք նայելու սեփական ժողովրդի աչքերին: Ինչպես նաև մնացած աշխարհի կարծիքը», - ասում է Սաթերը:

«Ամեն ինչ հնարավոր է, ցանկացած սցենար», - ավելացնում է նա: «Եթե նրանք պատրաստ էին սպանել նրան թունավորման միջոցով, ապա այժմ, երբ նա ամբողջովին գտնվում է նրանց հսկողության տակ, նրանք կարող են մտածել ամեն ինչի մասին: Նրան այժմ պաշտպանում է համաշխարհային հանրության դիրքը և, ինչ-որ իմաստով, այն ռուսների տրամադրությունը, որոնք սկսում են հասկանալ, թե ինչ է կատարվում: Այնուամենայնիվ, նրա պաշտպանությունն անօրինական գործողություններից նվազագույն է ինչ հնարավոր է անել: Նրանք ինչպես Բորիս Նեմցովի սպանության, այնպես էլ հենց Նավալնիի թունավորման դեպքում ցույց տվեցին, որ պատրաստ են սպանել իրենց հակառակորդներին»:

Որպեսզի Ալեքսեյ Նավալնին ողջ ու ազատ մնա, պետք է առավելագույն ճնշում գործադրել Կրեմլի վրա տնտեսապես և դիվանագիտորեն, շեշտում է փորձագետը: Միևնույն ժամանակ, նա պաշտպանում է գաղափարը, որ Ռուսաստանի նախագահը նույնպես պատժամիջոցների տակ ընկնի.

«Պուտինն անձամբ պետք է պատժամիջոցների տակ ընկներ նույնիսկ Բորիս Նեմցովի սպանությունից հետո, քանի որ բոլոր ապացույցները վկայում են, որ դրանք իրականացվել են նախագահի անվտանգության ծառայության կողմից, այլ ոչ թե պարտք վերադարձնող չեչենների կողմից»:

Եվրոպայի, Եվրասիայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի գծով Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Բիլ Քիթինգը կարծում է, որ Ալեքսեյ Նավալնին կարող էր չվերադառնար Ռուսաստան, եթե չհավատար, որ ռուսների մեծամասնությունը նույնպես ցանկանում է փոխել երկիրը:

«Կարծում եմ, որ կարևոր է ընդունել, որ Նավալնին չէր վերադառնա, իրեն այս վիճակում չէր դնի, եթե չիմանար, որ աջակցություն ունի ռուսների շրջանում: Այն ռուսների, ովքեր ցանկանում են ավելի թափանցիկ կառավարություն, որոնք դժգոհ են կոռուպցիայից և հույս ունեն ավելի լավ տնտեսական ժամանակաշրջանի հասնել: Այնպես որ, կարծում եմ, որ Նավալնին վերադարձավ և ցույց տվեց մեծ խիզախություն, իսկ ռուսաստանցիների մեծ մասը նույն համոզմունքներն ունի ավելի լավ կյանքի, ավելի քիչ կոռուպցիայի և ավելի շատ ազատության մասին », - ասաց կոնգրեսականը:

Ամերիկացի օրենսդիրը հույս ունի, որ Ռուսաստանի կառավարությունը կլսի Նավալնին ազատելու գլոբալ կոչերը, բայց խոստովանում է, որ արտաքին ճնշումը նման իրավիճակներում սահմանափակ է:

«Պատմականորեն դա հեշտ չէ: Եթե խոսենք ամերիկացի Փոլ Ուելանի մասին, ապա նա պահվում էր Ռուսաստանի կառավարության կողմից և դատապարտվել էր դատավարության ընթացքում, որը դարձել էր ֆարս: Եվ նա ռուսական բանտում է այն բանի համար, ինչը չի արել: Դժվար է ճնշում գործադրել: Կարծում եմ, որ մենք նախ պետք է միջազգային մակարդակով միավորվենք մեր հայտարարություններում: Միավորվենք նրա շուրջ, ինչին մենք հավատում ենք:

Լրագրող Արկադի Օստրովսկին էլ իր հերթին գտնում է, որ կարևոր է հասկանալ այն, որ այդ օրվա իրադարձությունները և ինքնաթիռի վայրէջքը և անձնագրային վերահսկողության կետի անցումն ու Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը, այս բոլորը, Ալեքսեյ Նավալնիի որոշումներն էին:

Սա այն մարդն է ու քաղաքական գործիչը, ով հրաժարվեց փոխանցել նախաձեռնությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ամենաազդեցիկ մարդուն, ով շրջապատված է անվտանգության ամեն տեսակի միջոցներով և իր ձեռքի տակ է աշխարհի ամենամեծ միջուկային զինանոցը:

Նրա տրամադրության տակ գտնվող զինծառայողների բանակին մարտահրավեր էր նետում մի մարդ, որի միակ զենքը, միակ ուժն իր խիզախությունն է ու արժանապատվությունը:

Եվ կարծում եմ, որ սա կարևոր պահ է արտացոլման համար: Կարծում եմ՝ այդ պատճառով Ալեքսեյ Նավալնիի պատմությունը արժանացել է աշխարհի ուշադրությանը:

Դա, ի վերջո, մարդկային խիզախության և արժանապատվության մասին պատմություն է `ընդդեմ մեկի, ով կառչած է իշխանությունից անվտանգության ծառայությունների և բանակի միջոցով, և դա, կարծում եմ, այն դերն է, որ Ալեքսեյ Նավալնին ինքը նախընտրել է խաղալ, նշել է Օստրովսկին:

Facebook Forum

XS
SM
MD
LG