Մատչելի հղումներ

Նախագահական երդմնակալություն, երբ ԱՄՆ-ում առկա է խորը մասնատվածությունը


Հունվարի 20-ին Ջո Բայդընը երդում կտա ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում: Հանդիսավոր արարողություն, որն ամեն չորս տարին մեկ անգամ անցկացվում է մայրաքաղաք Վաշինգտոնում, Կոնգրեսի շենքի դիմաց:

Այս տարի, սակայն, ռազմական ներկայությունն աննախադեպ է Քաղաքացիական պատերազմի տարիներից ի վեր: Մի քանի օր առաջ այստեղ` Կոնգրեսի շենքի առջեւ, նաեւ շենքի ներսում տեղի ունեցած բռնի գործողությունների արդյունքում մայրաքաղաք են բերվել Ազգային գվարդիայի 25 հազար թվակազմով ուժեր: Ինչպես Կապիտոլիումի ոստիկանության նախկին պետն է ասում ‘’Ամերիկայի Ձայն’’-ին, իրադրությունը վերահսկելի է: Թերանս Գայների խոսերով, նման պատրաստություն այստեղ սկսվել է դեռեւս մեկ տարի առաջ: ‘’Մոտ հինգ հազար թվակազմով ուժեր էլ, համալրելու են գաղտնի ծառայությունների, այդ թվում Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալների շարքերը’’, ասում է նա:

Արարողության հիմնական մասը տեղի է ունենալու վիրտուալ եղանակով, որը վարելու է դերասան Թոմ Հենքսը: Իրենց կատարումներով հանդես են գալու Լեդի Գագան ու Ջենիֆեր Լոփեզը:

Եթե Վաշինգտոնի մեծ մասն արդեն իսկ փակ է, ապա մի շարք այլ նահանգային մայրաքաղաքներում իրադրությունն այնքան էլ հանդարտ չէ: Ամերիկացիների երեք քառորդն այսօր ունի մտավախություն, որ եկող օրերին կարող են լինել նոր բռնություններ: Իսկ Բայդընն իշխանությունը վերցնում է Ամերիկայի միասնությունը վերականգնելու կոչերով ու խոստումներով, երկիր, որը կանգնած է ոչ միայն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի բովում, այլեւ ունի բարձր գործազրկություն:

‘’Այս ամենը հաղթահարելու առաջին պայմանը միասնությունն է’’, ասում են այստեղ, եւ հույս ունեն, որ միասնությունը կվերականգնվի միասնական ջանքերով:

XS
SM
MD
LG