Չինաստանում մեկ շաբաթ առաջ փլուզված հանքից ստացվել է հաղորդագրություն, որ փլատակների տակ մնաց 12 անձինք ողջ են: Փրկարարները ոսկու հանքից ստացել են հետեւյալ հաղորդագրությունը. ‘’չդադարեցնեք մեզ հասնելու ձեր ջանքերը’’: Հաղորդագրությունը ստացվել է այն բանից հետո, երբ փրկարարները փորձել են բացված անցքով սնունդ ուղարկել ոսկու հանքի ընդերքը: Դրանից հետո վերականգնվել է հեռախոսային կապը: Մնացյալ տասը անձանց մասին տեղեկություններ դեռեւս չկան:
Նշված 22 հանքագործների հետ կապը խզվել էր հունվարի 10-ից, երբ Հուշանի ոսկու հանքում տեղի էր ունեցել փլուզում: Տեղի ունեցած պայթյունի հետեւանքով փակվել էր ելքը:
Ինչպես պաշտոնատար անձինք են ասում, փլուզված հանքում ողջ մնացած անձինք հույսը չեն կորցրել ու խոսում են լավատեսությամբ: Նրանք վստահ են, որ իրենց շուտով կազատեն:
Բացված նեղ անցքով հանքի խոռոչ են ուղարկվել դեղորայք ու առաջին օգնության պարագաներ, երբ հանքափորները տեղեկացրել են, որ ունեն մարմնական վնասվածքներ: Հանքափորները տեղեկացրել են նաեւ, որ ունեն ստորգետնյա բավարար քանակությամբ ջուր:
Աշխատանքից ազատվել են Կոմունիստական կուսակցության տեղական մարմնի ղեկավարն ու քաղաքապետը` հանքի փլուզման մասին տեղեկությունը մեկ օր ուշացումով հայտնելու պատճառով: