Մատչելի հղումներ

Երկրում տարաձայնությունները հարթելու, մասնատվածությունը վերացնելու կարեւորությունը


ԱՄՆ-ի հանրապետականների 21 տոկոսն ասում է, թե իրենք կողմ էին, որ Կոնգրեսի շենքը ենթարկվեր Թրամփի կողմնակիցների կողմից գրոհի: Ավելին, PBS-ի անցկացրած հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիների 35 տոկոսը չի հավատում նախագահական անցյալ ընտրությունների արդյունքին, եվ սա չնայած այն հանգամանքին, որ լայնածավալ խախտումների մասին չեն բերում որեւէ փաստ ու վկայություն:

Ինչպես վերլուծաբան Ստիվ Ֆիլիպսն է ասում, ‘’Երբ ինչ որ մի բան ասվում է շարունակ ու շարունակ կրկնվում, մարդիկ սկսում են հավատալ իրենք իրենց ասածին: Իսկ դա անցած տարիներին արել են նախագահն ու Կոնգրեսում նրա աջակիցները’’:

Եվ ստացվել է այնպես, որ նոր նախագահի երդմնակալության արարողությունը պաշտպանելու համար ԱՄՆ-ի մայրաքաղաք են բերվում Ազգային գվարդիայի 15 հազար թվակազմով ուժեր, իսկ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկրորդ անգամ է անվստահության քվե հայտնում նախագահ Դոնալդ Թրամփին:

Այնպես որ, դեմոկրատ Ջո Բայդընը հանրապետական Դոնալդ Թրամփից ժառանգում է գաղափարապես մասնատված մի երկիր, որը նման է երկրի հիմնադիր հայրերի ու անցած Քաղաքացիական պատերազմի տարիների իրադրությանը:

Եվ որքան էլ Բայդընը շարունակի հանդես գալ միասնության կոչերով, նա կանգնելու է երկրում առկա զայրույթը մարելու ու մասնատվածությունը վերացնելու ծանրագույն խնդրի առջեւ:

‘’Սակայն հիմա մեր` բոլորիս առջեւ է դրված բազմազգ ժողովրդավարությունը վերահաստատելու պարտավորությունը, այնպես, ինչպես արեցինք 1877 թվականից հետո սկսված Վերակառուցման տարիներին’’, ասում է Ստիվ Ֆիլիպսն ու ավելացնում. ‘’Կամ էլ պիտի պարզապես կոծկենք մեր միջեւ առկա տարաձայնությունները` առանց ընդունելու, որ, այո, այս երկրում առկա են խորն անհավասարությունն ու անարդարությունը’’:

Այո, որքան էլ խորը լինեն անհամաձայնությունները, հարկավոր է ընդունել, որ դրանք չեն ծնվել մեկ օրում, այլ կուտակվել են տարիների ընթացքում ոչ միայն Թրամփի, այլ նաեւ` նախորդ վարչակազմերի կողմից թույլ տրված սխալների արդյունքում: Եվ այժմ հարկավոր է հասկանալ, թե որքան կարեւոր է դրանք միասնաբար հարթելու հանգամանքը:

XS
SM
MD
LG