Մատչելի հղումներ

Վաշինգտոնում բախումները չեն վհատում մարդկանց


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի վրա Դոնալ Թրամփի աջակիցների կողմից իրականացված գրոհի պատճառով, ինչի արդյունքում հինգ մարդ այստեղ զոհվեց, անվտանգությունը մայրաքաղաքում բերված է ամենաբարձր մակարդակին, քանի որ մի քանի օրից երդում է տալու նոր նախագահը: Թրամփը դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ Ներկայացուցիչների պալատի կողմից երկու անգամ անվստահության քվեի արժանացած առաջին նախագահը, եւ աջակիցների մոտ ավելի խորացավ նրա համար պայքարելու կիրքը: Այս մասին են իրենց մտահոգությունները հայտնում մարդիկ, ովքեր ծանոթ են այդ կրքերով լցված անձանց հետ: Այսօր, չնայած մայրաքաղաք Վաշինգտոնում իրականացվող անվտանգության աննախադեպ միջոցառումներին, Թրամփի կողմնակիցները, ինչպես Սեաթլի բնակիչներից Սաքուրա Շլեգելն է ասում, ‘’փորձում են ամեն կերպ պնդել, որ Ջո Բայդընը լեգիտիմ նախագահ չի կարող լինել’’:

Սակայն կան մարդիկ, որոնց անհանգստացնում է Բայդընի քաղաքականությունը: Օրինակ Մայամիում բնակվող կուբացի ներգաղթյալ Ռամոն Սանչեզը կանխատեսում է տնտեսական, քաղաքական ու սոցիալական աղետ: ‘’Եվ դա այն պատճառով, որ Բայդընը սոցիալիստ է’’, ասում է նա:

Փոքր չէ նրանց թիվը, ովքեր ասում են, թե ով էլ լինի նախագահը, պետք է արժանի լինի հարգանքի: ‘’Ինչպես հարգում էի Թրամփին, հարգելու եմ նաեւ Բայդընին: Դա է անհրաժեշտ ԱՄՆ-ին’’, ասում է Էրիկ Կաստրոն:

Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքի մի բնակիչ էլ ասում է, թե Բայդընը պետք է կենտրոնանա երկրի գլխավոր խնդիրների վրա: Գլխավոր խնդիր նա համարում է կորոնավիրուսի համաճարակը: Ոմանք էլ գտնում են, որ գլխավորը քաղաքական բաժանումը հաղթահարելն է: Շատերն ունեն հույս, որ դա հաղթահարել Բայդընը կարող է:

Վաշինգտոնում իրականացված բռնությունները մի գորշություն են տարածել երկրում ու մարդկանց հոգիներում:

Սակայն մարդիկ հույս ունեն, որ ամեն ինչ էլ հաղթահարելի է: Ու գիտեն, որ հաղթահարելու համար յուրաքանչյուրն ունի իր անելիքը:

XS
SM
MD
LG