Մատչելի հղումներ

‘’Հունվարի 20-ին հունվարի 6-ը չպետք է կրկնվի’’. ԱՄՆ-ի ՀԴԲ


ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում այս օրերին անցկացվում են անվտանգության միջոցառումներ, թույլ չտալու համար, որ հունվարի 20-ին Ջո Բայդընի նախագահական երդմնակալության արարողության ժամանակ կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ հունվարի 6-ին, երբ Դոնալդ Թրամփի կողմնակիցները գրոհեցին Կապիտոլիումը:

Մի քանի նահանգներից Վաշինգտոն են այս շաբաթավերջին բերվելու Ազգային գվարդիայի տասնյակ հազարավոր զինվորականներ:

Հետաքննությունների դաշնային բյուրոն, հունվարի 6-ի դեպքերի հետ կապված, 100 հազար տեսագրություն է ստացել, որոնց հիման վրա հարուցել է դատական 160 գործ: Ինչպես բյուրոյի Վաշինգտոնի կենտրոնակայանի ղեկավարի տեղակալ Ստիվըն Դ’Անտուոնոն է ասում, իրենք կենտրոնանում են հիմնականում խռովությունների մասին մեղադրանքների վրա: ‘’Մենք այս խնդրին վերաբերվում ենք ինչպես միջազգային հակաահաբեկչական գործողություն’’, ասել է նա:

Ներքին ահաբեկչության դեմ պայքարը, երկրից դուրս ահաբեկչության դեմ պայքարի համեմատ ունի իրավական տարբերություններ: Ինչպես Միչիգանի համալսարանից Սաիդ Ալին է ասում, ‘’Այս դեպքում գործ ունենք Ամերիկայում ծնված ու այստեղ դաստիարակված մարդկանց հետ, որոնք գտնվում են այս երկրի սահմանադրության պաշտպանության ներքո: Եվ հենց իրենք էլ լավ են իմանում, թե որտեղ է սկսվում ու որտեղ է ավարտվում այն գիծը, որը հատելիս միայն կհայտնվեն քրեական հանցագործությունների մեղադրանքի ներքո’’:

Ջո Բայդընն ‘’Ամերիկայի Ձայն’’-ին ասել է, թե ինքը չի վախենում երդմնակալությունը դրսում անցկացնելու հանգամանքից: Սակայն, ասում է նա, նրանք, ովքեր իրականացրել են հասարակական խռովություններ, վնասել պետական գույքը, սպառնացել մարդկանց կյանքին, պետք է կրեն պատասխանատվություն:

ԱՄՆ-ի իրավապահ գործակալությունները մի քանի շաբաթ են հետեւել աջթեւային ծայրահեղականների առցանց գործունեությանը, որոնք հորդորում էին հունվարի 6-ին իրականացնել գրոհ ընդդեմ Կոնգրեսի շենքի: Այժմ նրանք ուշադրությամբ հետեւում են այս նույն խմբերին, որոնք ծրագրում են նոր բռնություններ նախագահական երդմնակալության օրը` հունվարի 20-ին:

XS
SM
MD
LG