Մատչելի հղումներ

‘’‘’Ամերիկայի Ձայն’’-ը ազատության նիզակի սայրն է’’. Մայք Փոմփեո


ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն երկուշաբթի օրը, առաջին անգամը լինելով, այց կատարեց ‘’Ամերիկայի Ձայն’’-ի կենտրոնակայան, ամփոփելու համար որպես երկրի գլխավոր դիվանագետ, արտասահմանյան երկրներ կատարած իր ուղեւորությունների արդյունքը:

Փեմփեոն ‘’Ամերիկայի Ձայն’’-ի եթերով հանդես եկավ երկրի Կոնգրեսի շենքը նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից մի քանի օր առաջ գրոհի ենթարկվելուց հետո:

Փոմփեոն դատապարտել է իրականացված բռնությունները, սակայն դրանք չի մեկնաբանել: Քաղաքական վերլուծաբաններից Մայքըլ Քիմեյջն ‘’Ամերիկայի Ձայն’’-ին ասել է, թե ինքը ցնցված է այն փաստով, որ Փոմփեոն չի անդրադառնում այդ հարցին եւ որ նրան չեն ուղղում նման հարց այդ գրոհի մասին, գրոհ որը տեղի է ունեցել հենց Կոնգրեսի շենքին նայող ‘’Ամերիկայի Ձայն’’-ի շենքի դիմաց:

‘’Ամերիկայի Ձայն’’-ին ֆինանսավորում է ԱՄՆ-ի կառավարությունը, որպեսզի այն տասնյակ լեզուներով ներկայացնի լուրեր ու տեղեկություններ աշխարհի տարբեր հատվածներում գտնվող իր ընթերցողներին, ունկնդիրներին ու ակնդիրներին:

Փոմփեոն ‘’Ամերիկայի Ձայն’’-ն անվանում է ‘’ամերիկյան բացառիկության ձայն’’: Նրա խոսքերով, ԱՄՆ-ի միջազգային հեռարձակումները կարեւոր դեր ունեն աշխարհում ԱՄՆ-ի գաղափարներն ու տեսլականները ներկայացնելու համար, եւ որ այս կայանը ավտորիտար վարչակարգերին հարթակ տրամադրելու միջոց չէ:

‘’Չինաստանի, Իրանի ու Հյուսիսային Կորեայի նման կառավարությունները չեն հարգում մարդկային այն արժեքները, որոնց հիման վրա է հիմնադրվել Միացյալ Նահանգները: Այդ վարչակարգերը նզովք են այն ամենի համար, հանուն ինչի պայքարում է մեր պետությունը: Մենք գիտենք, որ կառավարությունները գոյություն ունեն մարդկանց ծառայելու համար: Նրանք կարծում են, որ մարդիկ գոյություն ունեն կառավարություններին ծառայելու համար: Այս առումով եւս ‘’Ամերիկայի Ձայն,-ի աշխատանքը կենսական նշանակություն ունի: Դուք ազատության նիզակի սայրն եք’’, ասել է Փոմփեոն:

ԱՄՆ-ի պետքարտուղարի դերում Մայք Փոմփեոյի պաշտոնավարումն ավարտվում է այս ամսվա վերջին: Նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդընն այս պաշտոնի համար ընտրել է Էնթոնի Բլինքենին: Վերջինս կդառնա ԱՄՆ-ի հաջորդ պետքարտուղարը, Սենատի կողմից հաստատման դեպքում:

XS
SM
MD
LG