Գործող նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերի միջոցով հինգշաբթի օրը տեսաուղերձ է հղել ժողովրդին, ուր դատապարտել է իր կողմնակիցների գործողությունները, որոնք «պղծեցին ամերիկյան ժողովրդավարության կենտրոնը»՝ անկարգույուններ կազմակերպելով Կապիտոլիումի շենքում:
Twitter-ը վերաբացել է նախագահի հաշվեհամարն այն բանից հետո, երբ Թրամփը ջնջեց մի քանի այն գրառումները, ուր ներկայացվում էին չհիմնավորված մեղադրանքներ նախագահական «ընտրությունների գողության» մասին:
Թրամփի Twitter- ի և YouTube- ի էջերում տեղադրված տեսաուղերձում նախագահը նշել է, որ ներկա պահին կենտրոնացած է նոր վարչակազմին «իշխանությունը սահուն և կանոնավոր փոխանցելու» վրա:
«Այժմ Կոնգրեսը հաստատել է [քվեարկության] արդյունքները: Նոր վարչակազմի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին: Այժմ իմ ուշադրությունը կենտրոնացած է իշխանության սահուն և կանոնավոր անցումն ապահովելու վրա: Այս պահին մեզ անհրաժեշտ է ապաքինում և հաշտեցում », - ասել է նախագահը ՝ դիմելով ամերիկացիներին:
Թրամփը նշել է, որ իրեն վրդովեցրել է Կապիտոլիումի վրա «հրեշավոր հարձակումը»՝ ընդգծելով, որ չորեքշաբթի կեսօրին Կոնգրես ներխուժած ցուցարարները «պղծեցին ամերիկյան ժողովրդավարության կենտրոնը»: Նրա խոսքով՝ մարդիկ, ովքեր խախտել են օրենքը և բռնություն կիրառել, «չեն ներկայացնում մեր երկիրը և կենթարկվեն պատասխանատվության»:
Թրամփը հավելեց, որ իր նախագահության չորս տարիներն ամենամեծ պատիվն է եղել իր կյանքի ընթացքում:
Facebook Forum