Մատչելի հղումներ

Հետաքննությունների դաշնային բյուրոն կոչ է անում տեղեկություն տալ Կոնգրեսում անկարգություն հրահրածների մասին


ԱՄՆ օրենսդիրները կոչ են արել անցկացնել Կապիտոլիումի ոստիկանական ուժերի ստուգումներ Թրամփի կողմնակիցների կողմից Կոնգրեսի շենք ներխուժելուց հետո: Միևնույն ժամանակ, որոշ կոնգրեսականներ բարձր են գնահատել իրավապահ մարմինների արձագանքը

Հետաքննության կոչերով հանդես են եկել նաև երկու դեմոկրատ կոնգրեսականներ, որոնք նախագահելու են Կապիտոլիումի ոստիկանության բյուջեն վերահսկող նոր Կոնգրեսի ենթահանձնաժողովները: Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հորդորել է, որ հրաժարական ներկայացնի Կապիտոլիումի ոստիկանապետը:

Իր հերթին Հետաքննության դաշնային բյուրոն հորդորում է քաղաքացիներին տրամադրել լուսանկարներ, տեսանյութեր և տեղեկություններ անկարգությունները հրահրածների մասին:

Բայդընի երդմնակալությանն ընդառաջ, Վաշինգտոնի քաղաքապետը երկարացրեց արտակարգ դրության ռեժիմը 15 օրով՝ «խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու համար»:

Երդմնակալության ընթացքում անվտանգությունը կապահովի Գաղտնի ծառայությունը, բայց նրանց սովորաբար օգնում են այլ գերատեսչություններ, մասնավորապես Կապիտոլիումի ոստիկանությունը, Մետրոպոլիտենի ոստիկանությունը, Դաշնային ավիացիոն վարչությունը և Ազգային գվարդիան:

Երեկ տեղի ունեցած անկարգությունների արդյուքում չորս մարդ է զոհվել: 52 մարդ ձերբակալվել է: Այս մասին հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանապետ Ռոբերտ Քոնթին: Ուշ երեկոյան կայացած մամուլի ասուլիսում նա ասել է, որ 52 ձերբակալվածներից 47-ը խախտել են քաղաքապետ Մուրիել Բաուզերի կողմից սահմանված պարետային ժամը: Կապիտոլիումի տարածքում ձերբակալվել է 26 մարդ: Եվս մի քանի մարդ բերման է ենթարկվել չլիցենզավորված կամ արգելված հրազեն կրելու մեղադրանքով:

Քոնթին ասել է նաև, որ հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների ազգային կոմիտեների կենտրոնակայանում հայտնաբերվել են երկու խողովակային ռումբեր, իսկ Կապիտոլիումի տարածքում գտնվող մեքենայում ` սառնարան, ուր հայտնաբերվել են ՛՛մոլոտովի կոկտեյլներ՛՛:

Ոստիկանապետը հրաժարվեց տրամադրել Կապիտոլիումի ոստիկանության սպայի կողմից սպանված կնոջ անունը` ասելով, որ իր հարազատներից մեկը դեռ տեղեկացված չէ իր մահվան մասին: Նա նաև ավելացրեց, որ չորեքշաբթի օրը եւս երեք մարդ մահացավ բժշկական արտակարգ իրավիճակների պատճառով, իսկ ոստիկանության 14 աշխատակից վիրավորվել է, որոնցից երկուսը դեռ հիվանդանոցում են:

ԱՄՆ դատախազությունը պատրաստվում է քրեական գործեր հարուցել Թրամփի կողմնակից մի շարք ցուցարարների նկատմամբ, ովքեր մասնակցել են Կապիտոլիումի գրոհին չորեքշաբթի օրը:

Գլխավոր դատախազի պաշտոնակատար Ջեֆրի Ռոզենն ասել է, որ մեղադրանքներ կառաջադրվեն հինգշաբթի օրը, ապացույցների հավաքագրումը կշարունակվի առաջիկա օրերին և շաբաթներին, որին կհաջորդեն նոր ձերբակալություններ:

Facebook Forum

XS
SM
MD
LG