Մատչելի հղումներ

Արդյո՞ք Կոնգրեսի շենքի վրա հարձակումն ԱՄՆ-ի պատմության ընթացքում առաջինն էր


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի վրա նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները չորեքշաբթի օրն իրականացրին հարձակում, ինչի արդյունքում սպանվեց չորս մարդ: Դրանից հետո Կոնգրեսը հաստատեց նախագահական ընտրություններում Ջո Բայդընի հաղթանակը:

Իր պատմության 220 տարիների ընթացքում Կապիտոլիումը իր սյունազարդ ու մարմարե պալատներում ու սրահներում չէր տեսել մոլեգնած այնպիսի խառնամբոխ, ինչպիսին տեսավ 2021 թվականի հունվարի 6-ին:

Հարձակումը ցնցեց ԱՄՆ-ը: Երկիր, որն այսօր պիտի գտնի այդ սպին մաքրելու ուղիներ:

Իսկ արդյո՞ք նման վերք ԱՄՆ-ը տեսնում է առաջին անգամ: Ոչ: Կապիտոլիումը պատմության ընթացքում հարձակումների է ենթարկվել մի քանի անգամ: Սակայն չէր տեսել նման անամոթություն, երբ վանդալիզմի դրսեւորումներով են հանդես գալիս գործող նախագահի աջակիցները:

Կապիտոլիումի այս շենքը կառուցվելուց 14 տարի անց` 1814 թվականին բրիտանական ուժերը պատերազմի ընթացքում փորձեցին հրդեհել ամբողջ շենքը: Շենք ներխուժած անձինք նախ թալանի ենթարկեցին այն, որից հետո այրեցին հարավային ու հյուսիսային թեւերը, այրեցին Կոնգրեսի գրադարանը: Սակայն հանկարծակի սկսված հորդառատ անձրեւը շենքը փրկեց լիակատար կործանումից: Հայտնի ճարտարապետների խոսքերով, այն վերածվեց ‘’ամենահոյակերտ ավերակի’’:

Դրանից հետո անցած դարերի ընթացքում Ներկայացուցիչների պալատի պատերին գրված ‘’Միություն, Արդարադատություն, Հանդուրժողականություն, Ազատություն եւ Խաղաղություն’’ բառերը մի տեսակ սկսեցին չհամապատասխանել իրականությանը, երբ շենքը մի քանի անգամ ենթարկվեց ռմբակոծությունների, երբ մի քանի անգամ այստեղ իրականացվեցին հրազենային հարձակումներ:

1954 թվականը մեկ այլ տխուր էջ էր Կապիտոլիումի համար, երբ չորս պուերտոռիկացիներ, ծածանելով կղզու դրոշը եւ բացականչելով ‘’Ազատություն Պուերտո Ռիկոյին’’ կոչը, այստեղ արձակեցին հրազենային 30 կրակոցներ: Վնասվածքներ ստացան հինգ կոնգրեսականներ, որոնցից մեկը` շատ ծանր:

‘’Ես այստեղ չէի եկել սպանելու համար: Ես եկել էի Պուերտո Ռիկոյի համար մեռնելու նպատակով’’, հայտարարել էր շարժման առաջնորդ Լոլիտա Լեբրոնն իր ու մյուսների ձերբակալությունից հետո:

Հաջորդ հարձակումն իրականացվեց 1915 թվականին, երբ գերմանացի մի տղամարդ երեք դինամիտ տեղադրեց Սենատի ընդունելությունների սրահում: Պայթյունները տեղի ունեցան կեսգիշերին, երբ որեւէ մեկն այստեղ չկար: Պայթուցիկները տեղադրած անձնավորությունը, որը թունավորելու եղանակով մինչ այդ սպանել էր իր իսկ կնոջը, պատրաստվում էր սպանել ֆինանսիստ Մորգանին եւ պայթեցնել զինամթերքով բեռնված ու դեպի Մեծ Բրիտանիա ուղեւորվող մի նավ, եղավ ինքնասպան, մինչեւ իր ձերբակալությունը:

Ամերիկյան իմպերիալիզմը տապալելու նպատակ ունեցող ‘’Ստորգետյնա եղանակ’’ անվանումը կրող շարժման անդամները 1971 թվականին պայթյուն իրականացրին Կոնգրեսի շենքում, բողոքելով ԱՄՆ-ի կողմից Լաոսը ռմբակոծելու փաստի դեմ: 1983 թվականին Կոմունիստական շարժում կազմակերպությունը ռմբակոծեց Սենատն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը ներխուժում իրականացրեց դեպի Գրենադա: Այս հարձակումների ժամանակ որեւէ մեկը չտուժեց, սակայն շենքին հասցվեց մի քանի հարյուր հազար դոլարի վնաս, եւ որից հետո Կոնգրեսի շենքի մոտ հաստատվեցին անվտանգության ուժեղացված միջոցներ:

1998 թվականին էր, որ մտավոր խնդիրներ ունեցող մի տղամարդ կրակահերթ բացեց պահակակետերից մեկում, ինչի արդյունքում զոհվեցին Կապիտոլիումի ոստիկանության երկու սպաներ: Նրանցից մեկը, մինչեւ մահանալը, հասցրեց կրակել զինյալին, որից հետո վերջինս տեղափոխվեց հոգեբուժական հիվանդանոց: Փոխնախագահ Ջոն Քալհունի հուշարձանը, որը գտնվում է հարձակման վայրից ոչ հեռու, մինչ օրս իր վրա է կրում արձակված գնդակներից մեկից մնացած հետքը:

2013 թվականին ատամնաբույժ մի կին, իր մեքենայում ունենալով 18 ամսական դստերը, փորձել էր մեքենայով մուտք գործել Սպիտակ տան տարածք, սակայն ոստիկանության կողմից հետապնդվելուց հետո հասել էր Կապիտոլիում եւ սպանվել ոստիկանների կողմից արձակված կրակից:

ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքում եղել են նաեւ հարձակումների ու սպանությունների փորձեր: 1835 թվականին Կոնգրեսի շենքում աշխատող ներկարարը փորձել էր շենքի դրսում երկու ատրճանակներով կրակել նախագահ Էնդրու Ջեքսոնին: Սակայն երկու ատրճանակներն էլ չէին գործել, որից հետո Ջեքսոնն ինքն էր վնասազերծել նրան:

1856 թվականին Ներկայացուցիչների պալատի անդամ Փրեսթոն Բրուքսն իր ձեռնափայթով հարձակվել էր սենատոր Չարլզ Սամների վրա այն բանից հետո, երբ վերջինս հանդես էր եկել ստրկատիրությունը դատապարտող ելույթով: Սամները ստացել էր մարմնական այնպիսի վնասվածքներ, որ բուժվելու համար պահանջվել էր երեք տարի: Ներկայացուցիչների պալատին չէր հաջողվել հեռացնել Բրուքսին: Վերջինս ինքն էր ներկայացրել հրաժարական, ու շատ արագ` վերընտրվել իր պաշտոնում:

Այսքանը`անցած պատմությունից:

Իսկ այն, ինչ տեղի ունեցավ 2021 թվականի հունվարի 6-ին, դեռ երկար կմնա ամերիկացիների հիշողության մեջ:

Հարձակումը ցնցեց ԱՄՆ-ը, որն այսօր պիտի գտնի այդ խորը սպին բուժելու միջոցներ:

Որեւէ սպի երբեք շուտ չի բուժվում, եթե չի գործում խելամտությունը:

XS
SM
MD
LG