ԱՄՆ առաքված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 15 միլիոն չափաբաժնի երկու երրորդը դեռեւս չի կիրառվել: Որոշ նահանգներ հայտարարել են, որ տուգանքների կենթարկվեն այն հիվանդանոցները, որոնք ժամանակին չեն կատարում պատվաստումներ:
Նյու Յորքի կառավարիչն ասել է, որ հիվանդանոցները պիտի պարտավորվեն պատվաստումներն իրականացնել մեկ շաբաթվա ընթացքում:
‘’Որեւէ հաստատություն, որը ժամանակին չկիրառի պատվաստանյութը, կտուգանվի հարյուր հազար դոլարի չափով: Այդ հաստատությունները կարող են նույնիսկ զրկվել այդ դեղերից’’, ասել է նա:
Նրա խոսքերով, հիվանդանոցները պատվաստանյութը ստացել են անցած երեք շաբաթների ընթացքում, որոնք պիտի նախ կիրառվեին բուժանձնակազմերին պատվաստելու համար: Սակայն, ասում է նա, կիրառվել է առաջին չափաբաժնի միայն 46 տոկոսը:
Նյու Յորքում դեկտեմբեր ամսվա սկզբից հիվանոցներ տեղափոխվողների թիվը կրկնապատկվել է եւ հասել 8200-ի: Մեկ շաբաթվա ընթացքում նոր դեպքերի թիվն աճել է 27 տոկոսով` հասնելով օրական 13,600-ի:
Ինչ վերաբերում է Ֆլորիդա նահանգին, ապա այստեղ մարդիկ երկար հերթեր են կանգնում պատվաստման ենթարկվելու համար: Հերթերում 65 եւ ավելի բարձր տարիք ունեցող անձինք են ու առողջապահության համակարգում աշխատողները:
ԱՄՆ-ում կորոնավիրուսից ամենաշատը տուժած նահանգի` Կալիֆոռնիայի նահանգապետ Գեյվին Նյուսոմն ասել է, թե անցած երկու շաբաթների ընթացքում այստեղ կովիդ հիվանդությանը զոհ է գնացել մոտ 4000 մարդ: ‘’Այս հիվանդությունն այսօր ավելի մահաբեր է, քան նախորդ որեւէ ժամանակահատվածում’’, ասել է նա: Նյուսոմը նույնպես բողոքում է պատվաստանյութերի դանդաղ կիրառման փաստի դեմ ու խոստանում արագացնել ընթացքը:
Այսօր, երբ կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 21 միլիոնի, Հիվանդությունների կանխարգելման կենտրոնը հայտնում է, որ ԱՄՆ-ում մինչ այժմ բաշխվել է 4 միլիոն 600 հազար չափաբաժին պատվաստանյութ:
Աշխարհում վարակվել է 87 միլիոն մարդ, հիվանդությանը զոհ գնացել` ավելի քան 1 միլիոն 800 հազար վարակակիր: