Մատչելի հղումներ

Տասնյակ հանրապետական ​​օրենսդիրներ մտադիր են վիճարկել ընտրությունների արդյունքները Կոնգրեսում


Ավելի քան 100 հանրապետական ​​կոնգրեսականներ և մոտ մեկ տասնյակ իրենց կուսակից սենատորներ մտադիր են հունվարի 6-ին փորձել արգելափակել ընտրական կոլեգիայի քվեարկության արդյունքների վավերացումը, համաձայն որի՝ նախագահական ընտրություններում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը հաղթել է նախագահ Թրամփին

Ընտրական կոլեգիայի քվեարկության արդյունքների վավերացումը վերջին քայլն է նախքան նախագահի երդմնակալության արարողությունը: Արարողությունն անցկացվելու է հունվարի 20-ին: Ընտրությունների արդյունքները վերանայելու համար Կոնգրեսի երկու պալատները պետք է հանդես գան ընդդեմ Բայդենին հաղթանակի: Այնուամենայնիվ, Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն ունեն փոքրաթիվ մեծամասնություն և կասկածից վեր է, որ կվավերացնեն Բայդենի հաղթանակը: Նրանք Սենատում փոքրամասնություն են կազմում այս պահին, բայց Բայդենի հաղթանակը ճանաչած որոշ հանրապետականների հետ միասին, ամենայն հավանականությամբ, այստեղ ևս կճանաչեն Բայդենի հաղթանակը:

Թրամփը, որը շաբաթներ շարունակ պնդում է, որ ընտրությունները կեղծված են՝ չնայած դատարանների հակառակ որոշումներին, աջակցել է իր պարտության դեմ բողոքներին թվիթերյան իր գրառմամբ, ուր դեմոկրատների հաղթանակը որակել է «ջախջախիչ հաղթանակ գողանալու փորձ»:

Նա Twitter- ում մի տեսանյութ է հրապարակել ՝ կոչ անելով իր աջակիցներին չորեքշաբթի հավաքվել Վաշինգտոնում և բողոքի ձայն հնչեցնել ընտրություններում Բայդենին որպես հաղթած թեկնածու ճանաչելու դեմ:

Թրամփը սակայն պարտվել է տասնյակ դատական նիստերում, ուր նրա փաստաբանները փորձել էին վիճարկել ընտրությունների արդյունքները, այդ թվում երկուսը՝ Գերագույն դատարանում: Շաբաթ օրը դաշնային վերաքննիչ դատարանը բավարարեց ստորին ատյանի որոշումը, որը մերժել էր Թրամփի փաստաբանների հերթական հայցը ընտրությունների արդյունքների փոփոխության հետ կապված:

Չորեքշաբթի օրը փոխնախագահ Փենսը կնախագահի Կոնգրեսի պալատների համատեղ նիստը, որը պետք է վավերացնի ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյուքները: Փենսի աշխատակազմի ղեկավար Մարկ Շորթը շաբաթ օրն ասել է, որ փոխնախագահը «կիսում է միլիոնավոր ամերիկացիների մտահոգությունները վերջին ընտրություններում կեղծիքների և խախտումների մասին»: Հայտարարության մեջ այնուհետև նշվում է, որ փոխնախագահը «ողջունում է Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամների ջանքերը` օգտագործելու իրենց կանոնադրական լիազորությունները հունվարի 6-ին առարկություններ բարձրաձայնելու և վկայություն տալու Կոնգրեսի և ամերիկացի ժողովրդի առջև»:

Այնուամենայնիվ, ընտրական ձայների հաշվարկից և առարկությունների բարձրաձայնումից հետո Փենսը, որպես փոխնախագահ և Սենատի նախագահ, ստիպված կլինի հայտարարել Բայդենի և Հարիսի հաղթանակը:

Անցյալ շաբաթ հանրապետական սենատոր Ջոշ Հոուլին հայտարարեց, որ մտադիր է վիճարկել Բայդենի հաղթանակը Փենսիլվանիայում, որն ունի 20 ընտրական ձայն: Բողոքներ են պատրաստվում արտահայտել նաև Ներկայացուցիչների պալատի մի քանի տասնյակ այլ անդամներ Ալաբամայից կոնգրեսական Մո Բրուքսի գլխավորությամբ: Բողոքի այս դրսևորումներին օրերս միացան ևս 11 հանրապետական սենատորներ ՝ Թեքսասից Թեդ Քրուզի գլխավորությամբ: Նրանց մեջ կան չորս նոր սենատորներ, որոնց երդմնակալությունը կայացել է կիրակի օրը:

Այդ 11 սենատորները կոչ են արել անցկացնել ընտրությունների արդյունքների հետ կապված 10-օրյա ստուգումներ «վիճելի նահանգներում»` նշելով, որ նրանք կքվեարկեն այդ նահանգներից ընտրական ձայները մերժելու օգտին նախքան ստուգումների ավարտը:

Փենսիլվանիայի հանրապետական սենատոր Փեթ Թումին չմասնակցեց նահանգի քվեարկության դեմ բողոքին ՝ ասելով, որ «ժողովրդավարական հանրապետության հիմնարար որոշիչը ժողովրդի իրավունքն է ընտրելու իր ղեկավարներին»: Վիճելի նահանգներում, այդ թվում ՝ Փենսիլվանիայում, ընտրությունների արդյունքները փոխելու փորձերը «ուղղակիորեն խաթարում են այդ իրավունքը», - ասել է նա:

Թրամփի աջակիցներից մեկը ՝ Վիսկոնսին նահանգի սենատոր Ռոն Ջոնսոնը, կիրակի օրը NBC հեռուստաընկերությանն ասաց, որ ինքը միացել է ընտրական կոլեգիայի որոշման դեմ բողոքին, քանի որ «տասնյակ միլիոնավոր մարդիկ կարծում են, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են»:

Բայց Թրամփի մեկ այլ կողմնակից ՝ Հարավային Քարոլինայի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, հայտնեց, որ երդմնակալության արարողությունից երկու շաբաթ առաջ արդյունքները վիճարկելու փորձը «ավելի շուտ քաղաքական հնարք է, քան արդյունավետ ռազմավարություն»:

Սենատոր Քրուզը և այլ սենատորներ խոստովանել են, որ իրենց ջանքերը դժվար թե որևէ էական արդյունք գրանցեն. «Մենք պատրաստ ենք այն փաստին, որ դեմոկրատների մեծ մասը, եթե ոչ բոլորը, և հնարավոր է, որ շատ հանրապետականներ դեմ քվեարկեն դրան»,-շեշտել են նրանք:

Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը շնորհավորել էր Բայդենին և Հարիսին հաղթանակի կապակցությամբ դեկտեմբերի կեսին Ընտրական կոլեգիայի քվեարկությունից հետո: Ընտրական կոլեգիայի քվեարկության արդյունքների համաձայն, Բայդենը ստացել է 306 ձայն, իսկ Թրամփը ` 232: Այնուամենայնիվ, Մաքքոնելը չկարողացավ համոզել հանրապետական գործընկերներին հրաժարվել արդյունքները վիճարկելուց:

Հիշեցնենք, որ Կոնգրեսի երկու պալատների նիստին զուգահեռ տեղի կոիւնենա նախագահ Թրամփի կողմնակիցների հանրահավաք մայրաքաղաք Վաշինգտոնում: Proud Boys ծայրահեղ աջակողմյան խմբավորման անդամներն ու Թրամփի կողմնակիցները հանրահավաք կանցկացնեն ԱՄՆ Կոնգրեսի մոտ: Քաղաքում նախատեսվում են նաև մի քանի այլ հանրահավաքներ ՝ ի պաշտպանություն Թրամփի:

Քաղաքային իշխանությունները Թրամփի կողմնակիցներին հորդորել են հրազեն չբերել բողոքի ցույցերին: Վաշինգտոնում արգելվում է առանց տեղական իշխանությունների արտոնության բաց զենք կրել:

Կոլումբիայի շրջանի ազգային գվարդիայի ստորաբաժանումը հայտնել է, որ իր 300 զինվորականներ կօգնեն տեղական իրավապահ մարմիններին չորեքշաբթի օրը նախատեսված բողոքի ցույցերի ընթացքում:

Facebook Forum

XS
SM
MD
LG