Մատչելի հղումներ

Մամուլը հաղորդում է Ջորջիա նահանգում դեմոկրատների հաղթանակի մասին


Դեմոկրատների թեկնածուներ` վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր Ջոն Օսսոֆ և բապտիստական եկեղեցու ​​հոգևորական Ռաֆայել Ուորնոկ
Դեմոկրատների թեկնածուներ` վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր Ջոն Օսսոֆ և բապտիստական եկեղեցու ​​հոգևորական Ռաֆայել Ուորնոկ

Հաղթանակի դեպքում դեմոկրատները կվերահսկեն նաև ԱՄՆ-ի Սենատը

Երեքշաբթի երեկոյան Ջորջիայում փակվեցին Սենատի երկու տեղերի համար անցկացվող երկրորդ փուլի ընտրությունների տեղամասերը: Այս քվեարկությունը որոշելու է, թե որ կուսակցությունն է վերահսկելու Կոնգրեսի վերին պալատը: Հաղթանակի դեպքում նորընտիր նախագահ Ջո Բայդենը հնարավորություն է ստանում իր օրակարգն առաջ քաշել նաև ԱՄՆ Սենատում: Հիշեցնենք, որ դեմոկրատները վերահսկում են նաև ԱՄՆ Ներկայացուցիչների տունը՝ Կոնգրեսի ստորին պալատը:

Սենատի երկու աթոռների համար պայքարը ծավալվեց մի կողմից գործող հանրապետական սենատորներ Դեյվիդ Փերդուի և Քելի Լեֆլերի եւ մյուս կողմից դեմոկրատների թեկնածուներ, վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր Ջոն Օսոֆի և բապտիստական եկեղեցու հոգևորական Ռաֆայել Ուորնոկի միջև:

Չորեքշաբթի առավոտյան ամերիկայն մամուլը հաղորդեց դեմոկրատների թեկնածուներ Օսսոֆի և Ուորնոքի հաղթանակների մասին: Երկու մրցապայքարում էլ կողմերի ձայները գրեթե հավասար են: Դեմոկրատներն, ըստ մամուլի տեղեկության, հաղթել են ձայների չնչին տարբերությամբ:

Քվեաթերթիկների 10% -ի հաշվարկի ժամանակ դեմոկրատներ Ուորնոքն ու Օսսոֆն ապահովել են ընտրողների 54,9% և 54,3% աջակցությունը, համապատասխանաբար: Հանրապետականներ Փերդյուի և Լեֆլերի օգտին քվեարկել են ընտրողների համապատասխանաբար 45,7% և 45,1% -ը:

Ըստ Fox News- ի, քվեաթերթիկների 69% -ը մշակելիս, հանրապետական թեկնածուներին հաջողվել է փոքր-ինչ գերազանցել իրենց դեմոկրատ մրցակիցներին և մի փոքր առաջ անցնել: Սակայն ձայների 98 տոկոսի հաշվարկից հետո, ըստ մամուլի տեղեկության, արձանագրվել է դեմոկրատ թեկնածուների չնչին առավելությունը հավասար ընթացող այս ընտրապայքարներում:

Ջորջիայի պետքարտուղար Բրեդ Ռաֆենսպերգերը CNN- ին ասել է, որ պաշտոնական արդյունքները կարող են հայտնի դառնալ մինչև չորեքշաբթի, բայց ընտրությունների վերջնական արդյունքը կարող է հարցականի տակ մնալ մի քանի օր, եթե այս կամ այն թեկնածուի համար տրված ձայների տարբերությունը մնա փոքր:

Ընտրական հանձնաժողովականները սկսեցին քվեաթերթիկների հաշվարկը կատարել անմիջապես տեղամասերի փակումից հետո տեղական ժամանակով ժամը 19:00-ին:

Չնայած անցած 20 տարիների ընթացքում Ջորջիայից ոչ մի դեմոկրատ թեկնածու չի կարողացել անցնել Սենատ, սոցհարցումները ցույց էին տալիս, որ այս անգամ հանրապետականների և դեմոկրատների հաղթանակի հնարավորությունները մոտավորապես նույնն էին: Պահանջվեց ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ նոյեմբերին կայացած հիմնական ընտրություններում ոչ մի թեկնածու չկարողացավ հավաքել ընտրողների ձայների 50% -ից ավելին:

Հանրապետական սենատոր Լեֆլերը հրաժարվեց ընդունել պարտությունը կեսգիշերին իր կողմնակիցներին ուղղված կարճ ելույթում, իսկ 33 ամյա դեմոկրատ թեկնածու Օսսոֆը, ով հաղթանակի դեպքում կարող է դառնալ ամենաերիտասարդ սենատորը, երախտագիտության խոսքերով դիմեց Ջորջիայի ընտրողներին՝ շնորհակալություն հայտնելով ընտրողներին իրեն ցուցաբերած վստահության համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG