Մատչելի հղումներ

Սենատի ընտրությունները Ջորջիայում կկանխորոշեն մոտ տարիների ամերիկյան քաղաքական դաշտը


Քվեարկության արդյունքները կորոշեն, թե երկու կուսակցություններից որ մեկը կվերահսկի Կոնգրեսի վերին պալատը

Ջորջիայում ընթանում է Սենատի երկու աթոռների համար ընտրությունների երկրորդ փուլը: Հանրապետական սենատոր Դեյվիդ Փերդյուն պայքարում է հեռուստատեսային վավերագրական ֆիլմերի պրոդյուսոր, դեմոկրատ Ջոն Օսոֆի հետ, իսկ հանրապետական մեկ այլ սենատոր Քելի Լեֆլերի մրցակիցը բապտիստ քահանա Ռաֆայել Ուորնոքն է:

Երկրորդ փուլն անցկացվում է այն պատճառով, որ չորս թեկնածուներից ոչ մեկը մեծամասնություն չի ստացել նոյեմբերին կայացած ընտրություններում: Հարցումները ցույց են տալիս, որ դեմոկրատ երկու թեկնածուները մի փոքր առաջ են իրենց հանրապետական մրցակիցներից:

Ընտրություններին սպասվում է բարձր մասնակցություն. ավելի քան 3 միլիոն ընտրողներ արդեն քվեարկել են վաղաժամ քվերակության ընթացքում: Նոյեմբերին Ջորջիայում մասնակցել է հինգ միլիոն մարդ, բայց այսօր արդեն մոտ 100 000 ընտրողներ, ովքեր այն ժամանակ չեն քվեարկել, արդեն իրականացրել են իրենց ընտրական իրավունքը երկրորդ փուլում:

Վաղաժամ քվեարկած քվեաթերթիկների հաշվարկը կսկսվի միայն երեքշաբթի օրը, և պաշտոնական արդյունքները, ամենայն հավանականությամբ, հայտնի չեն լինի ընտրությունների գիշերը:

Պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ վաղաժամ քվեարկության ժամանակ ընտրողները հատկապես ակտիվ են նոյեմբերին ընտրված դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի հաղթած ընտրատեղամասերում, բայց հանրապետականներն ակնկալում են շատ ավելի լավ արդյունքներ վաղվա հիմնական քվեարկության ժամանակ:

Այժմ հանրապետականները վերահսկում են Սենատի 100 տեղերից 50-ը, դեմոկրատները ՝ 48-ը: Հանրապետական սենատորների հաղթանակը երեքշաբթի ընտրությունների ընթացքում կուսակցությանը կտա բացարձակ մեծամասնություն, որի միջոցով հանրապետականները կարող են որոշել Սենատի օրենսդրական օրակարգն ու ղեկավվարել բոլոր հանձնաժողովները: Սակայն, եթե հաղթեն դեմոկրատների թեկնածուները, ապա Սենատը հավասարապես կբաժանվի, և նորընտիր փոխնախագահ Քամիլա Հարիսը կունենա որոշիչ ձայնի իրավունք, այդ թվում` հանձնաժողովների կազմակերպման և օրենսդրական օրակարգի վերահսկման հարցերում:

Եթե հանրապետականներին հաջողվի պահպանել մեծամասնությունը Սենատում, ապա դա կբարդացնի Բայդենի օրենսդրական նախաձեռնությունների իրականացումը առաջիկա երկու տարիների ընթացքում, որը, հավանաբար, կհանգեցնի ձգձգվող բանակցությունների շատ հարցերի շուրջ, ինչպիսիք են օրինակ առողջապահության հետ կապված հարցերը, ներգաղթի վերահսկումը և կլիմայի հետ կապված նոր նախաձեռնությունների ներդրումը:

Երկրորդ փուլի նախօրեին, ինչպես Բայդենը, այնպես էլ` գործող նախագահ Դոնալդ Թրամփը այցելեցին Ջորջիա նահանգ՝ իրենց կուսակցությունների թեկնածուներին աջակցելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG