Մատչելի հղումներ

Մայրաքաղաք Վաշինգտոնի ոստիկանությունը պատրաստվում է բողոքի ցույցերին


ԱՄՆ մայրաքաղաքի իրավապահ մարմինները նախագահ Թրամփի կողմնակիցներին հորդորել են «զենքերը թողնել տանը»: Բողոքի ցույցերի ընթացքում կներգրավվի Ազգային գվարդիան

Երկուշաբթի օրը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի իշխանությունները նախազգուշացրել են նախագահ Թրամփի կողմնակիցներին ՝ զերծ մնալ այս շաբաթվա ցույցերին հրազեն կրելուց: Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը կապված են Կոնգրեսի կողմից այս չորեքշաբթի ընտրական կոլեգիայի քվեարկության արդյունքների հաստատման հետ: Ամերիկյան մայրաքաղաքի իշխանությունները կարգուկանոն պահպանելու համար ներգրավվել են նաև ազգային գվարդիայի ստորաբաժանումները:

«Մենք տեղեկություն ենք ստացել այն մասին, որ կան մարդիկ, ովքեր մտադիր են հրազեն բերել մեր քաղաք, և դա անընդունելի է», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ոստիկանապետ Ռոբերտ Քոնթին՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր ոք, ում մոտ հայտնաբերվի հրազեն կամ նա, ով բռնություն հրահրի, անմիջապես կկալանավորվի:

Պաշտպանության նախարարությունից հաստատեցին մայրաքաղաքի ազգային գվարդիայի ներգրավման տեղեկությունը՝ այս շաբաթ սպասվող բողոքի ցույցերի ընթացքում կարգուկանոնի պահպանումն օժանդակելու համար: Միևնույն ժամանակ, զինծառայողները զինված չեն լինի և զրահաբաճկոններ չեն կրի: Ներգրավվածության շրջանակում գվարդիան կիրականացնի երթևեկության վերահսկման և այլ գործառույթներ:

Կոլումբիայի մարզի ազգային գվարդիայի ստորաբաժանման հայտարարության մեջ ասվում է, որ ավելի քան 300 զինվորականներ պատրաստ կլինեն աջակցել քաղաքային իշխանություններին և ծառայություն իրականացնել՝ կարգուկանոնը պահպանելու համար:

Քոնթին ասել է, որ կարգուկանոնի պահպանմանը կմասնակցեն նաև ԱՄՆ Կոնգրեսի տարածքի ոստիկանությունը, զբոսայգիների ոստիկանության ուժերն ու գաղտնի ծառայությունը:

Կոլումբիայի մարզն ունի հրազենի մասին ԱՄՆ-ում գործող ամենախիստ օրենսդրությունը, որը արգելում է առանց տեղական մարմինների թույլտվության բացահայտ կերպով կրել կամ պահել հրազեն:

Սպասվում է, որ Թրամփի հազարավոր աջակիցներ, ներառյալ որոշ ծայրահեղ աջակողմյան ազգայնական խմբավորումներ, որոնք բողոքի ցույցերի ընթացքում զենքեր են կրել, երեքշաբթի օրվանից կհավաքվեն ԱՄՆ-ի մայրաքաղաքում ՝ բողոքելու ընտրական կոլեգիայի քվեարկության արդյունքների ու Կոնգրեսի կողմից դրանց հաստատման դեմ:

Քոնթին նշել է նաև, որ բողոքի ցույցերը կարող են ավելի մեծ լինել, քան նոյեմբերի և դեկտեմբերի ցույցերը, ուր եղան տուժածներ և արձանագրվեցին բախումներ: «Proud Boys» ծայրահեղ աջակողմյան խմբավորման հարյուրավոր անդամներ և Թրամփի այլ կողմնակիցներ ձգտում էին բախվել հակաֆաշիստների և «Black Lives Matter» շարժման ակտիվիստների հետ:

ԱՄՆ Սահմանադրության համաձայն, Կոնգրեսը լիազորված է հաստատել նախագահական ընտրությունների արդյունքները: Ընթացակարգը, սովորաբար, ձևական բնույթ է կրել նախկինում: Այս անգամ սակայն առնվազն 12 հանրապետական սենատորներ և շուրջ 140 հանրապետական կոնգրեսականներ խոստացել են դեմ քվեարկել Բայդենի հաղթանակի հաստատմանը՝ վկայակոչելով Թրամփի՝ ընտրակեղծիքների մասին մեղադրանքները: Վերջինիս հայցերից ոչ մեկը չի ապացուցվել դատարանում և բազմիցս հերքվել է:

Ըստ ԱՄՆ իրավապահների, սպիտակ ազգայնականների հետ կապեր ունեցող Proud Boys խմբավորման ղեկավար Էնրիկե Թարրիոն սոցիալական ցանցերի միջոցով խոստացել է, որ բողոքի ցույցերին կմասնակցեն խմբավորման «ռեկորդային թվով» անդամներ: Ինքը ՝ Թարրիոն, ըստ սոցցանցերի հաղորդագրությունների, ձերբակալվել է Վաշինգտոնի օդանավակայանում ՝ վարչական իրավախախտման կասկածանքով:

Facebook Forum

XS
SM
MD
LG