Մատչելի հղումներ

Ֆրանսիայում բողոքում են պատվաստումների դանդաղ ընթացքի համար


Ֆրանսիայում առաջ է եկել կորոնավիրուսի դեմ պատվաստումների հարցում տարակուսանք, երբ գրանցվել է նախատեսվածից ավելի փոքր թվով պատվաստումների ցուցանիշ:

Երկուշաբթի օրվա տվյալներով ամբողջ Ֆրանսիայի տարածքում կորոնավիրուսի դեմ պատվաստման էր ենթարկվել միայն 2500 մարդ: Նրանց մեծ մասը մեծահասակների խնամքի կենտրոններում բնակվող անձինք են ու նրանց խնամակալները: Ինչպես փորձագետներն են ասում, գրանցված թիվը Եվրոպական միության այլ երկրներում արձանագրված ցուցանիշների համեմատ շատ փոքր է: Նրանք բերում են Գերմանիայի օրինակը, որտեղ պատվաստման է ենթարկվել արդեն 264 հազար մարդ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ նրա կառավարությունը հայտնվել են այս ուղղությամբ աշխատանքներն ավելի արագ ծավալելու ճնշումների ներքո: Գրանդ Էստի շրջանի նախագահ Ժան Ռոտներն ասել է, թե Ֆրանսիայում պատվաստումների ռազմավարությունը սկանդալային է, եւ կառավարությունը թույլ է տալիս այն նույն սխալները, որոնք թույլ տրվեցին դիմակների արտադրության ու թեստավորումների ժամանակ:

Սակայն, ինչպես պաշտոնատար անձինք են ասում, իրենք վստահ են, որ մինչեւ հունվար ամսվա վերջը պատվաստման կենթարկվի մեկ միլիոն մարդ, այնքան, որքան նախատեսված է ըստ ծրագրի: Այս պահին ընթանում են երկրի տարածքում պատվաստումներ իրականացնող ժամանակավոր 600 կենտրոններ բացելու աշխատանքները:

Երկրի առողջապահության նախարար Օլիվիեր Վերան խոստանում է, որ Ֆրանսիան շուտով կհասնի Եվրամիության մյուս երկրների ցուցանիշներին:

Շուտով պատվաստումների կենթարկվեն հրշեջները եւ տնային պայմաններում աշխատող խնամակալները, որոնք ունեն 50-ից բարձր տարիք:

Ֆրանսիայում կովիդ 19 հիվանդությանը մինչ այժմ զոհ է գնացել ավելի քան 65 հազար մարդ:

Չնայած Եվրոպական միության տարածքում ընդունվել է կորոնավիրուսի դեմ պայքարելու միասնական ծրագիր, Միության անդամ յուրաքանչյուր պետություն իրականացնում է իր ուրույն նախագիծը: Օրինակ Նիդերլանդներում որոշել են պատվաստումներ սկսել հունվարի 8-ից:

XS
SM
MD
LG