Ֆլորիդա նահանգում և Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տեսակ, որը խիստ վարակիչ է և տարածվել է Մեծ Բրիտանիայից, հայտնում են առողջապահության ոլորտի մարմինները:
Ֆլորիդայի Առողջապահության դեպարտամենտը հայտնեց, որ նոր վիրուսը հայտնաբերվել է Մարտինի շրջանում 20-ամյա մի երիտասարդի մոտ, որը վերջերս ոչ մի տեղ չի ճանապարհորդել: Սա վիրուսի նոր տարբերակի երրորդ հայտնի դեպքն է Միացյալ Նահանգներում:
Կալիֆոռնիայի նահանգապետը չորեքշաբթի օրն ասաց, որ B.1.1.7 վիրուսը հայտնաբերվել է Հարավային Կալիֆոռնիայում:
Մեկ օր առաջ Կոլորադոյի նահանգապետը հաստատել էր վիրուսի այս նոր տարբերակի հայտնաբերումն իր նահանգում: Առողջապահության նահանգային մարմինները չեն բացառում, որ նահանգում գրանցվել է ևս մեկ դեպք, որը սակայն դեռևս չի հաստատվել:
Միևնույն ժամանակ չինացի մասնագետներն ասում են, որ նոր կորոնավիրուսը ևս հասել է Չինաստան:
Ըստ պաշտոնական տվյալների, հետազոտողները հայտնաբերել են նոր կորոնավիրուսի տեսակ մի կնոջ մոտ, որը թեստավորվել է դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայից Շանհայի օդանավակայան ժամանելուց հետո:
Չինաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի խոսքերով՝ սա Չինաստանում «ներմուծված /բրիտանական/ տարբերակի առաջին դեպքն է, որը մեծ սպառնալիքի հավանականություն է պարունակում Չինաստանում COVID-19 կանխարգելման և վերահսկման համար»:
Facebook Forum